Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կներդրվի պրոբացիոն ծառայություն (видео)

Ինչ անել, որպեսզի մեկ անգամ հանցանք գործած մարդը, այլևս այն չկրկնի: Այս խնդրին լուծում տալու համար հետազոտություններ են կատարվել քրեակատարողական հիմնարկներում, որի արդյունքները ներկայացվեցին այսօր: «Պրոբացիոն ծառայության ներդրումը կնպաստի կրկնահանցագործությունների կանխարգելմանը, կնպաստի հանցավորության թվի կրճատմանը ՀՀ-ում և այս ամենը հասարակության անվտանգության պահպանմամբ»- նշեց «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ Արշակ Գասպարյանը։ Պրոբացիոն ծառայությունը սոցիալ-իրավական ծառայություն է, որը ենթադրում է աշխատանք թե անազատության մեջ գտնվողի, թե համայնքի, թե դատապարտյալի ընտանիքի հետ: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նշում է, որ պրոբացիոն ծառայության հիմքում ընկած է մարդու արժանապատվությունը, այսինքն՝ դատապարտյալի, կալանավորված անձի հետ անհատական աշխատանք, նրան օգնել, որպեսզի իր մոտ ձևավորվի մեղքի զգացումը և հետո շտկվի: Պարոն Սաքունցի խոսքերով՝ պրոբացիայի ծառայությունը այն ճանապարհն է, որով քրեական արդարադատությունը պատժիչ բնույթից կվերափոխվի մարդասիրականի. «Պրոբացիոն ծառայության ներդրման համար շատ ավելի կարևոր է քաղաքական կամքի առկայությունը, այստեղ քաղաքական իշխանությունն է որոշում կայացնում, թե իր երկրում ազատազրկվածի նկատմամբ ինչ վերաբերմունք կլինի»: Անահիտ Գրիգորյանը, ով զբաղվում է անչափահասների նկատմամբ բռնության նվազեցման ծրագրերով, պնդում է, որ պրոբացիայի համակարգի ներդրումը երեխաների շրջանում կբերի հանացագործությունների նվազեցման և կնպաստի նրանց կայացմանը: «Աշխատանքը տարբեր փուլերով է իրականացվելու՝ սկսած անհատական աշխատանք երեխաների հետ, ծնողների հետ, աշխատանք համայնքում, որովհետև առանց համայնքի միջամտության անչափահասների շրջանում բնականաբար հանցագործությունները չեն կարող նվազել»,- նշեց Հայաստանում երեխաների նկատմամբ բռնության նվազեցման ծրագրի ղեկավար Անահիտ Գրիգորյանը։ Պրոբացիայի ծառայության կիրառումը կապահովի նաև այլընտրանքային պատժատեսակների ներդրմանը` հաշվի առնելով, որ արդարադատության համակարգում չափազանց շատ են կիրառվում ազատազրկման տեսքով պատիժները: Այն Հայաստանում նախատեսվում է կյանքի կոչել 2012-2016 թթ. դատաիրավական ռազմավարական ծրագրին համահունչ: