Ստեփան Սաֆարյանը ահազանգում է (видео)
Поддержи А1+!Դեկտեմբերի 2-ին թիվ 1 ընտրատարածքում (Ավան եւ Նոր Նորք) կայանալիք ԱԺ պատգամավորի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը արդեն իսկ բազմաթիվ խախտումներ է արձանագրել իր մրցակից՝ ՀՀԿ ներկայացուցիչ Ռոբերտ Սարգսյանի կողմից։ Ըստ նրա, քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդուն պատգամավոր դարձնելու գործին լծվել են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները։ Մասնավորապես, Ստեփան Սաֆարյանի խոսքով, շարունակվում է ընտրացուցակների ուռճացման գործընթացը։ «Ավան համայնքում 904 հասցեում 6 եւ ավելի ընտրող է գրանցված։ Կան հասցեներ, որոնց վրա գրանցված են 70 եւ ավել չափահաս մարդիկ։ Հին Ավանի սեփական տներում տարբեր ազգանուններով ընտանիքների 25 հոգանոց կոնգլոմերատներ են», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ստյոպա Սաֆարյանը։ Ըստ նրա, մայիսի 6-ի ընտրությունների համեմատությամբ Ավանում ընտրողների թիվն ավելացել է շուրջ 2000-ով։ «Անգամ իմ շտաբի կազմում մարդիկ կան, որոնք ահազանգում են, որ առանց իրենց գիտության իրենց տներում գրանցել են 4 չափահաս մարդիկ», - նշեց նա։ Ստյոպա Սաֆարյանը տեղեկացրեց, որ իր շտաբում աշխատող արհեստավարժ ծրագրավորողների մշակած ծրագիրը հայտնաբերում է անձանց եւ նրանց գրանցման վայրերի բոլոր համընկնումները։ «Տղաների մշակած ծրագիրն ի զորու է հայտնաբերել անուն առ անուն , թե մեկ հասցեում գրանցված անձինք ուրիշ էլ որտեղ են գրանցված։ Սա է պատճառը, որ ինձ ոստիկանությունւոմ միայն ընտրատարածքի ցուցակները չեն տրամադրում՝ անհիմն պատճառաբանություններով»,- նշեց Սաֆարյանը։ Բացի դրանից, Ռոբերտ Սարգսյանը նախընտրական ծախսերի հայտարարագիր է ներկայացրել ԿԸՀ, որը, ըստ Ստյոպա Սաֆարյանի, որեւէ կերպ չի արտացոլում իրականությունը։ «Տեսնելով ուղղակի պաստառապատ Ավանը եւ Նոր Նորքը, տեսնելով բարձրահարկ շենքերի պաստառապատված վերելակները, տեսնելով բազմաթիվ շտաբերը, որոնք մի քանի անգամ գերազանցում են թույլատրված քանակը։ Ամեն թաքնված անկյունում փակցված է՝ Ռ. Սարգսյանի նախնտրական շտաբ։ Եվ այդ ամենի հետ մեկտեղ նրա հայտարարագրում նշվում է, որ Ռոբերտ Սարգսյանը քարոզարշավի ընթացքում ընդամենը 2 միլիոն 256 հազար դրամ է ծախսել», - ասաց պարոն Սաֆարյանը։ Ըստ նրա, նման պայմաններում իշխանության կողմից առաջադրված մոխրամանն էլ կարող է հաղթել ցանկացած ընտրությունում։ Ստեփան Սաֆարյանը պատրաստվում է մոտ օրերին դիօմել ԿԸՀ՝ մրցակցի կողմից թույլ տված մեծաքանակ խախտումների պատճառով նրա գրանցումը կսաեցնելու նպատակով։