Գիտության ֆինանսավորումը`խիստ անբավարար (видео)
Поддержи А1+!«Բյուժե-2013»-ի վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր ուժերի դժգոհությունները տնտեսագետ Թաթուլ Մանասարյանը բնական երևույթ է համարում։ Ասում է՝ ինքը նույնպես նկատել է որոշ խնդիրներ, որոնք կարելի էր ներկայացնել այլ կերպ։ Տնտեսագետի համար, սակայն, ավելի կարևոր է ուշադրություն դարձնել ոչ թե «Բյուջե 2013»-ի որոշ մանրուքների, որոնց վրա պետք է աշխատանք տարվի, այլ որ բյուժեն կրի ծրագրային բնույթ։ «Այսինքն, ոչ թե տվեք մեզ գումարներ, և մենք կորոշենք՝ ինչ անել, այլ կներկայացվեն ծրագրեր, որոնք համոզիչ կլինեն, որի համար կտրվեն կամ չեն տրվի գումարներ։ Այս առումով ես խիստ դրական եմ համարում 2013թ-ի բյուջեի մշակման մոտեցումները»,- այսօր լրագրողներին ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասրյանը։ Այդուհանդերձ, տնտեսագետը խիստ անբավարար է համարում մի շարք ճյուղերի ֆինանսավորման քաղաքականությունը։ «Դրանցից առաջինը մատնանշում եմ գիտության ոլորտը։ Գիտությունը կարիք ունի կազմակերպական լուրջ բարեփոխումների՝ մրցունակ դառնալու և տնտեսությանը սպասարկելու համար»,- ասաց տնտեսագետը։ Ինչ վերաբերում է 2012թ.-ին Հայաստանի տնտեսության ոլորտում գրանցված առաջընթացներին և խնդիրներին, պարոն Մանասարյանն ասում է, որ արդյունաբերությունը 2012թ.-ի որոշ ամիսների արձանագրել է երկնիշ աճ։ «Իսկ մեզ համար ավելի դրվատելի կարելի է գնահատել այն, որ տարվա ընթացքում, որոշ բացառություններով, պահպանվեց արտահանման աճի գերակա միտումը՝ ներմուծման աճի տեմպերի նկատմամբ»,- ասաց Թաթուլ Մանասարյանը։ Այս առաջընթացի հետ մեկտեղ Հայաստանում, ըստ տնտեսագետի, չլուծված է մնում երկրի ամենամտահոգիչ խնդիրներից մեկը՝ գործազրկությունը, որը հանգեցնում է արտագաղթի և ուղեղների արտահոսքի։ «Այս պահին ահազանգ պետք է հնչեցնել երիտասարդության շրջանում գրանցված գործազրկության աննախադեպ մակարդակի վերաբերյալ։ Այն որոշ տարիքային խմբերում հասնում է 60 տոկոսի»,- նշեց տնտեսագետը։