Գայլերը հարձակվել են ոչխարի հոտի վրա (видео)
Поддержи А1+!Այս Ամանորը Բռնակոթ գյուղի բնակիչ, մենատնտես Սերյան Առաքելյանի ընտանիքի համար ուրախներից չէր: Հովիվները ոչխարի հոտը տուն բերելիս ենթարկվել են գայլերի ոհմակի հարձակմանը: Մանվելը արդեն 7 տարի է՝ ինչ հովվություն է անում: Գայլերը շատ էին, հարձակումը` անակնկալ: Գազազած ոհմակին հետ չեն կարողացել պահել անգամ հովվի 7 շները: «Մոտ 20 հատ գայլ կլիներ, այնքան հանկարծակի էր հարձակումը, որ ոչ մի բան չկարողացանք անել: Զենք էլ չենք ունեցել: Վախից ոչ մի բան չէինք կարում խոսայինք, էդ պահին մտածում էինք ոչխարներին փրկեինք, բայց չկարողացանք»,- պատմում է Մանվել Ղազարյանը: Գյուղի անասնաբույժ Գեւորգ Հարությունյանը ուշադիր զննում է հոտում վնասվածք ունեցող ոչխարներին: Որ կենդանու մոտ վնասվածքները շատ են անասնաբույժը խոտանում է, սպանդի են ենթարկում թերթեւ վնասվածք ունեցող եւ սննդի համար պիտանի միս ունեցող կենդանիները: Տարբեր աստիճանի վնասված մոտ 80 ոչխար կա, եւս 20-25 ոչխար գայլերը փախցրել տարել են, մի մասի լեշը մոտակա ձորակից են գտել: «Վնասված կենդանիների բուժումը 50-50 է, որովհետեւ գայլի վնասածը ավելի դժվար է բուժվում, քան մեխանիկական վնասվածքների դեպքում: Կփորձենք բուժել որքան կստացվի ցույց կտա ժամանակը,- ասում է անասնաբույժը,-Հիմնականը պատռվածքները կերակրափողի վրա է, որի բուժումը բավականին դժվար է, եթե չասենք անհնարին, իսկ դմակային հատվածի վերքերն ավելի հեշտ են բուժվում»։ Անասնաբույժը դեպքը արտառոց է համարում, գայլերի հարձակումներ լինում են, վնասներ էլ են լինում, բայց ոչ այսքան շատ: «Սա 1 կամ 2 գայլի բան չի, 20-ից ավել եղած կլինեն, որ մի երկու ժամում էսքան վնաս են պատճառել: Ամենաքիչը 3 մլն դրամի վնաս են պատճառել: Հիմնական ծնի ժամանակն է, պետք է նոր արդյունքը ստանային, դրանից էլ զրկվեցին»,- ասում է Բռնակոթի համայնքի ղեկավար Ատոմ Առաքելյանը: Արտակ պապը ցավով է նշում կենդանիների հիմնական մասը հղիության վերջին շրջանում էին գտնվում: «Որ ոչխարի փորը բացում ենք հիմնականում զույգ գառներ են: Կորուստը որ հաշվարկում ենք 6 ամիս հետո 300 գլուխ անասուն է: Էդքան միսը մենք փաստորեն ածում ենք կետը»,- նշում է 55-ամյա Արտակ Սաֆրազյանը։ Ի դեպ, այս կողմերի սարերում գայլերի հարձակումները անասունների վրա սովորական երեւույթ է: Արտակ Սաֆրազյանը հիշում է՝ տարիներ առաջ գայլը գյուղ էր մտել եւ հարձակվել մարդկանց վրա: