Սեպտեմբեր ամսից ավագ դպրոցի աշակերտները կուսանեն տնտեսագիտություն և ձեռնարկատիրական հմտություններ: (видео)
Поддержи А1+!Նոր ուսումնական տարին Դպրոցներում կսկսվի նոր առարկայով: Սեպտեմբեր ամսից ավագ դպրոցի աշակերտները կուսանեն տնտեսագիտություն և ձեռնարկատիրական հմտություններ: Այս օրերին ուսուցիչները վերապատրաստվում են Ծաղկաձորում. «Հավաքվել են 110 ուսուցիչներ ավագ դպրոցի, որոնք երեք օր նախապատրաստվելու են այստեղ և սեպտեմբերի դպրոցներ կմտնեն»,- ասում է «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության գործադիր տնօրեն Արմինե Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ 1-ին կիսամյակում աշակերտները կսովորեն ձեռնարկատիրության հիմունքները և կկիրառեն իրական կյանքում` տալով արտադրանք և ստանալով շահույթ, իսկ հաջորդ կիսամյակում ստացված շահույթը կօգտագործեն բարեգործական հիմունքներով: Անցյալ տարի առարկան փորձանակն ուսուցանվել է Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 դպրոցում, արդյուքնենրը գոհացրել են: Դպրոցի ուսուցչուհի Արմինե Խաչատրյանը նշում է. «Երեխաները փայտից պատրաստում էին նավեր, ինքնաթիռներ, եկեղեցի ու էկոլոգիապես մաքուր նյութեր, և այդ շահույթը իրենք դպրոցում բարեգործական համերգ կազմակերպեցին և հետո հաշմանդամների օր մենք այդ գումարները օգտագործեցինք հաշմանդամներին նվերներ տրամադրեցինք»: Ուսուցիչներին սեփական փորձով կիսվելու համար Ծաղկաձոր էր ժամանել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, նա ներկայացրեց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գաղափարը և դրա հիմնական նպատակները. «Բիզնեսը միայն գրպանը եկամուտով լցնելը չէ: Գործունեությունը եթե զարգանում է, հասարակության շնորհիվ է դա: Մենք հասարակությանը պետք է ձեռք մեկնենք, բայց ոչ թե գումարով, պետք է պատասխանատու գործունեություն` ծրագրեր իրականացնենք, որն էլ որպես օրինակ կհանդիսանա մյուսների համար: Մենք պետք է ստեղծենք հիմք»,- նշում է պարոն Յիրիկյանը: Իսկ 127 դպրոցում ձևավորված մթնոլորտը խոստանում է նոր հաջողություններ ցուցաբերել, դպրոցի ուսուցչուհին` տիկին Խաչատրյանը վստահում է իր աշակերտներին. «Մենք որոշեցինք` դպրոցը պարսպապատել, բայց դա մի քիչ լուրջ ծրագիր է, ու ավելի շատ գումարներ են հարկավոր, այս տարի, տեսնենք կարող է բիզնեսի մեջ խորանանք և մի բան ստացվի»,- ասում է նա: