Պետական մարմինների տեղեկատվության մատչելիությունը Մեդիա կենտրոն (видео)
Поддержи А1+!«Այս աշխատանքը ոչ թե ամոթանք տալու համար ենք անում, այլ ցանկանում ենք, որ պետական մարմինները պատասխանատու լինեն հանրային նշանակության տեղեկատվություն տրամադրելիս` իրար հետ մրցելով»,- սեպտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնում» ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա և ԽԱՊԿ իրավաբան Օլգա Սաֆարյանը ներկայացրին Հայաստանի պետական մարմինների պաշտոնական կայքերի հերթական մոնիտորինգի արդյունքները: ԽԱՊԿ-ը մոնիտորինգն անցկացրել է 2013թ. մայիսի 1-ից օգոստոսի 15-ը՝ գնահատելով պետական մարմինների պաշտոնական կայքերում տեղեկությունների առկայությունը (կամ բացակայությունը), ամբողջականությունը, հրատապությունը, տեխնիկապես հասնելիությունը: Կայքերի դիտարկումն իրականացվել է 152 չափորոշիչով, որից 131-ը բովանդակային է, 21-ը՝ տեխնիկական: Ստացված տվյալների հիման վրա հատուկ մշակված բանաձևերով հաշվարկվել են տեղեկությունների քանակական և որակական գործակիցները, որից հետո՝ տեղեկատվության թափանցիկության գործակիցը, և ձևավորվել կայքերի վարկանիշային աղյուսակը: Ուսումնասիրվել են 51 պետական մարմնի կայքեր, որոնք պայմանականորեն բաժանվել են 3 խմբի: Առաջին խմբում ներառված է նախարարությունների և կառավարությանն առընթեր մարմինների 34 կայք, երկրորդում՝ 10 մարզի պաշտոնական կայքերը, երրորդում՝ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, Սահմանադրական դատարանի, դատախազության, Երևանի քաղաքապետարանի և մարդու իրավունքների պաշտպանի կայքերը: Երրորդ խմբի կայքերի վարկանիշային աղյուսակ չի կազմվել, քանի որ այդ մարմինների գործառույթները, հրապարակման ենթակա տեղեկությունների անհրաժեշտությունը տարբեր են: Առաջին խմբի կայքերի վարկանիշային աղյուսակում լավագույն 3 արդյունքն ունեն տարածքային կառավարման նախարարությունը (տեղեկատվության թափանցիկության աստիճանը 2013-ին՝ 83.96%, 2012-ին՝ 68.33%), միգրացիոն պետական ծառայությունը (2013-ին՝ 77.31%, 2012-ին՝ 54.54%) և արդարադատության նախարարությունը (2013-ին՝ 68.16%, 2012-ին՝ 63.38%): Այս խմբում վատագույն արդյունքն ունեն միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն (տեղեկատվության թափանցիկության աստիճանը 2013-ին՝ 18.32%, 2012-ին՝ 32.54%), հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (2013-ին՝ 20.24%, 2012-ին՝ 21.98%), մշակույթի նախարարությունը (2013-ին՝ 21.16%, 2012-ին՝ 31.30%): Երկրորդ խմբի կայքերի վարկանիշային աղյուսակում 3 առաջատարներն են Սյունիքի (տեղեկատվության թափանցիկության աստիճանը 2013-ին՝ 51.62%, 2012-ին՝ 49.22%), Արմավիրի (2013-ին՝ 46.95%, 2012-ին՝ 38.53%) և Լոռու (2013-ին՝ 44.00%, 2012-ին՝ 44.11%) մարզպետարանների կայքերը: Այս խմբում վատագույն արդյունքն են արձանագրել Շիրակի (տեղեկատվության թափանցիկության աստիճանը 2013-ին՝ 26.15%, 2012-ին՝ 34.37%), Արարատի (2013-ին՝ 37.06%, 2012-ին՝ 35.81%), Արագածոտնի (2013-ին՝ 40.63%, 2012-ին՝ 38.03%) մարզպետարանների կայքերը: