«Հայաստանը գովազդվելու կարիք ունի» (видео)
Поддержи А1+!Ներգնա տուրիզմն աճում է՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Տուրօպերատորների ասոցիացիայի անդամ Մարիա Կիպիրյանը: Նա հաղորդեց, որ հիմնականում Հայաստան զբոսաշրջիկներ են գալիս եվրոպական զարգացած երկրներից. «Այս տեսանկյունից ամենաշատ զբոսաշրջիկներին ընդունում ենք Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Անգլիայից, Շվեյցարիայից, Իսրայելից, ինչպես նաև մի շարք եվրոպական երկրներից, բացի այդ, կան տուրիստներ Ճապոնիայից և Չինաստանից»: Ըստ վերջին 3 տարիների տվյալների՝ Հայաստան այցելել է 8 հարյուր հազար զբոսաշրջիկ: Մասնագետի խոսքով՝ զգալի թիվ են կազմում նաև սփյուռքահայ զբոսաշրջիկները: Զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն կա նաև Արցախի նկատմամբ: Տիկին Կիպիրյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում գնալով զարգանում է կորպորատիվ տուրիզմը. «Այս առումով կառանձնացնեմ Ռուսաստանը, որտեղից մենք ունենք շատ մեծ հետաքրքրություն: Զարգանում է կորպորատիվ տուրիզմը, այսինքն՝ բիզնես-տուրիզմի ոլորտը: Տարբեր հիմնարկների աշխատակիցներ՝ հարյուրից երկու հարյուր հոգի, գալիս են մի քանի օրերով այստեղ անցկացնելու կոնֆերանսներ և ծանոթանալու մեր մշակույթին: Սա չափազանց կարևոր հանգամանք է»: