Գյուղապետի կինը աշխատանքի չի ներկայացել, բայց ստացել է 2․700․000 դրամից ավելի աշխատավարձ (видео)
Поддержи А1+!Ոստիկանության Թալինի բաժնում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել Թլիկ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես պարզվել է, որ դպրոցի տնօրենը 2015 թվականին գյուղապետի կնոջը հրամանագրել է որպես դպրոցի գիշերային պահակ, սակայն կինը աշխատանքի չի ներկայացել և մինչև այս տարվա հունվար ամիսը ստացել է 2 միլիոն 700 հազար դրամից ավելի աշխատավարձ։ Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ գիշերային պահակ հրամանագրված կինը մի քանի անգամ, տարբեր ժամանակահատվածներում, բացակայել է Հայաստանից։ Պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի փաստերով ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։