Open news feed Close news feed
A A
Video Interview

Մարտի 1-ի իրադարձություններին Ռ․Քոչարյանի գործողությունները բխել են իր կարգավիճակից․ Արծվիկ Մինասյան (video)

«Դաշնակցություն» կուսակցության ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը գտնում է, որ Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործողություններն այդ իրադարձությունների ժամանակ բխել են իր կարգավիճակից։ «Սահմանադրական դատարանի երեկվա որոշման եզրափակիչ մասով ընդամենը վերականգնվել է իրավական պետության սահմանադրական նորմը։
Թե 2005թ․, թե 2015թ․ Սահմանադրությունների փոփոխություններով հստակ ամրագրված նորմ կա, որ հանրապետության նախագահը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե գործողությունները բխել են իր կարգավիճակից։ Եվ սահմանադրական նորմը այնքան հստակ է ասում, որ առնվազն տարակուսելի է այլ կարծիք հայտնելը»,- «Ա1պլյուս»-ի հետ զրույցում ասաց Ա․Մինասյանը։

Վերջինս, հիշեցնենք, եղել է Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ Արդյոք այդ հանձնաժողովի գործունեության ժամանակ իրենց հայտնի են եղել այսօր հրապարակված այսպիսի մանրամասները՝ որ ԼՂՀ-ից բերված զինվորներից 60-ը եղել են նախագահականի նկուղում, որ նրանցից 20-ը համաձայնել է կրակել ժողովրդի վրա, որ նրանց ամեն օր գումար ու սննունդ են տվել Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը և այլն։ Ա․Մինասյանն ասում է, որ իրենք այդ մասին տեղյակ չեն եղել։
Բնապահպանության և էկոնոմիկայի նախկին նախարարն անդրադարձավ նաև Ամուլսարի ոսկու հանքավայրին և ասաց, որ պետք է լուրջ հետազոտություն արնել, հետո նոր շահագործման որոշում կայացնել։ Նա համաձայն է «Էլարդ» ընկերության եզրակացությանը, որ 2016թ․ հաստատված ՇՄԱԳ-ը թերի և այն լրացնելու անհրաժեշտություն կա, սակայն գտնում է, որ այդ ընկերությունը նույնպես լիարժեք հետազոտություն չի կատարել։ Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիա» ընկերությանը հանքի շահագործման թույլտվությունից զրկելուն, ապա Ա․Մինասյանը գտնում է, որ դա պետք է անել հիմնավոր պատճառ նշելու դեպքում։ Իսկ հիմնավոր պատճառ, ըստ նրա, չի կարելի բացառել։
Ի դեպ Ա․Մինասյանը հավելեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն իր աշխատակիցների համար Ջերմուկ քաղաքում վարձակալել է մի ամբողջական հյուրանոց, որի համար վճարում է 50․000 դոլար։ Բացի այդ ընկերությունն իր վարչական աշխատողներին շատ բարձր աշխատավարձ է վճարում։ Ա․Մինասյանը գտնում է, որ այդ վճարները չպետք է համարվեն ներդրումներ։

Մանրամասները՝ տեսանյութում