Փորձել են գողանալ օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ մանրաձկան զգալի խմբաքանակ (video)
Support A1+!Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ որոշ ձկնագողեր փորձել են ցանցի տեղադրման միջոցով գողանալ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280․000 հատ իշխանի Գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի խմբաքանակ՝ Կարճաղբյուր գետում տեղադրված հատուկ ցանցերի միջոցով։ Այդ մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:
«Սևան» ազգային պարկում նոր կազմավորված պահնորդական հատուկ ջոկատը հերթական շրջայցի ժամանակ՝ Կարճաղբյուրի ստորին հատվածներում, գտել է գետի ողջ լայնությամբ ձգված մանր ցանցավանդակ, որի միջոցով ձկնագողերը փորձել են հավաքել պետության կողմից ֆինանսավորվող ծրագրի միջոցով բուծված և Սևանա լճում ոչնչացման եզրին գտնվող իշխանի Գեղարքունի տեսակի, միջինում 7 գրամ քաշով մանրաձուկն ու օգտագործել սեփական շահերի համար։
«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը սնվում է պետական բյուջեից։ Հիմնադրամի նպատակն է լճում վերականգնել գերորսի հետևանքով ոչնչացման եզրին հասած եզակի ձկնատեսակի կենսապաշարները, այն դեպքում, երբ որոշ շրջանակներ՝ օգտվելով համացանցում առկա տեղեկատվությունից, թիրախավորել են բացթողնման վայրն ու սեփական շահը պետական, հանրային, բնապահպանական շահից բարձր դասելով՝ փորձել են, փաստորեն, գողանալ ոչ թե պարզապես մանրաձուկը, այլ պետության ջանքը, լճի առողջացումը, Սևանի էկոհամակարգի վերականգնումը։
«Սևան» ԱՊ-ի պահնորդական հատուկ ջոկատի հետևողական և հստակ մշակված գործողությունների արդյունքում ցանցավանդակը գտնվել և հեռացվել է։ Մանրաձուկը, որը կուտակվել էր ցանցավանդակում՝ կրկին բաց է թողնվել։
«Սևան» ԱՊ-ի պահնորդներն իրականացնում և իրականացնելու են շուրջօրյա հերթապահություն, աչալրջորեն հսկում են իրենց վստահված տարածքները՝ նմանօրինակ զազրելի միջադեպերը կանխելու նպատակով։
Դեպքի առթիվ «Սևան» ազգային պարկի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն»։