Օլիմպիական չեմպիոնին ընդունել է սպորտի նախարարը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է հանրաճանաչ լիտվացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչուլյոնիսին տիկնոջ հետ: Հանդիպմանը ներկա էին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Մհեր Անանյանը, ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը: Նախարարը, ողջունելով հյուրերին, իր գոհունակությունն է հայտնել տիտղոսակիր բասկետբոլիստին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հյուրընկալելու կապակցությամբ: Գ.Ղազարյանն իր խոսքում նշել է, որ մեծ հետաքրքրությամբ և հիացմունքով է հետևում լիտվական բասկետբոլի հաջողություններին և հավելել, որ, ցավոք, մեր երկրում առավել մասսայական են մենապայքարային մարզաձևերը և որպես խաղային մարզաձև բասկետբոլի մասսայականացման ուղղությամբ նախարարության կողմից լուրջ ծրագրեր են իրականացվելու: Շարունաս Մարչուլյոնիսն իր կողմից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հրավիրել նախարարին ներկա գտնվելու լիտվական բասկետբոլի մասին պատմող The other dream team ֆիլմի երևանյան պրեմիերային, ինչին նախարարը համաձայնել է մեծ սիրով: Հանդիպման ավարտին Գաբրիել Ղազարյանը Շարունաս Մարչուլյոնիսին է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հուշամեդալ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին