Հոլանդիա՞ն, թե՞ Արգենտինան
Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Հոլանդիայի եւ Արգենտինայի ազգային հավաքականները: Խաղը, որը կկայանա Սան Պաուլուի անավարտ մարզադաշտում (լիովին կառուցված չէ տրիբունաների տանիքը), մեծ հետաքրքրություն է առաջացրել առաջին կիսաեզրափակիչ խաղից հետո, որում Գերմանիայի ընտրանին 7:1 հաշվով պարտության է մատնել Բրազիլիայի ազգային թիմին: Մասնագետները չեն սպասում նման կարգի ջախջախիչ հաշիվ, քանի որ թիմերի վերջին 5 խաղերն անցել են անչափ համառ պայքարում եւ դրանցում գրանցվել են ընդամենը 6 գոլ: Հոլանդիան նախկինում երկու անգամ խոշոր հաշվով հաղթել է Արգենտինային (4:1, 4:0), սակայն դա տեղի է ունեցել 40 տարի առաջ: Արգենտինացի ֆուտբոլիստները միայն մեկ անգամ են կարողացել կոտրել հոլանդացիների դիմադրությունը, այն էլ՝ լրացուցիչ ժամանակում: Խոսքը վերաբերում է 1978 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչին, որտեղ Արգենտինան իր հարկի տակ 3:1 հաշվով պարտության է մատնել Հոլանդիայի ընտրանուն: Ի դեպ, Արգենտինայի հավաքականը միշտ էլ հաղթանակ է տարել, երբ հասել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ, իսկ ահա հոլանդացիները մեկ անգամ անհաջողության են մատնվել: Բուքմեյքերներն ավելի շատ հավատում են Արգենտինայի հաղթանակին, քանի որ այն հանդես է գալիս իրեն ավելի հոգեհարազատ աշխարհագրական գոտում: Բացի այդ, հոլանդացիների գլխավոր հարվածային ուժը` Ռոբին վան Պերսին, դեռեւս չի կարողանում լավ մարզավիճակ հավաքել, իսկ արգենտինացիների առանցքային հարձակվող Լիոնել Մեսին գնալով ավելի կայուն խաղ է ցուցադրում: