ԱԱԾ նախկին փոխնախագահը համամիտ է Ռոբերտ Քոչարյանի հետ
Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ Մաքսային Միությանն անդամագրվելով՝ Հայաստանը մեկ տարի զրկված է լինելու ձայնի իրավունքից, ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ դա Եվրոպական տնտեսական միության կանոնադրական կետերից մեկն է, ինչն ըստ ամենայնի շուտով կվերացվի։ Բանախոսը նշեց,որ մինչ հոկտեմբեր ամսվա կեսը Հայաստանն արդեն կդառնա այդ միության լիիրավ անդամ՝ բոլոր կողմերի հետ հարթելով տեխնիկական խնդիրները և ավարտելով բանակցությունների ընթացքը։ Ավետիսյանը նաև համոզմունք հայտնեց, որ Մաքսային Միությունը օգտակար է լինելու Հայաստանի համար թե տնտեսական և թե քաղաքական առումներով։ Իշխող կուսակցության ներկայացուցիչն ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև սահմանադրական բարեփոխումներին՝ նշելով, որ ՀՀԿ նիստի ժամանակ այդ խնդիրը ևս քննարկվել է, և որոշումն էլ եղել է այն, որ այժմ Հայաստանը կանգնած է այդ բարեփոխումների անհրաժեշտության առջև՝ ունենալով նպատակ՝ ՀՀ գործող Սահմանադրությունը դարձնել մարդակենտրոն։ Նրա խոսքով՝ սահմանադրական բարեփոխումները որևէ անձի չեն վերաբերում, այլ միտված են տարբեր ոլորտներում ծագած խնդիրների կարգավորմանը,ինչպես նաև դատաիրավական համակարգի ամբողջական բարեփոխմանը։ ԱԱԾ նախկին փոխնախագահ Գուրգեն Եղիազարյանը ևս նշեց, որ ինքն անձամբ կողմ է երկրի կառավարման խորհրդարանական մոդելին, սակայն նա վստահ է, որ այժմ դա Հայաստանում իրականացնելն անհնար է, քանզի Հայաստանում բացակայում են լիարժեք և կատարյալ ընտրությունները։ Գուրգեն Եղիազարյանը համակարծիք է նաև մամուլում հրապարակված՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում առկա որոշ կետերի հետ։ Վերջինս մասնավորապես համակարծիք է Քոչարյանի երկիրը տզրուկներից մաքրելու տեսակետի հետ։ Եղիազարյանի գնահատմամբ՝ նախկին նախագահի հարցազրույցին պետք է դրական վերաբերվել։