Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերահսկիչ պալատը ներկայացրել է սոցիալական ոլորտի հաշվետվությունը

Քաղաքականություն Պաշտոնական
Ishxan-Zaqaryan

Այսօր ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, ՀՀ Վերահսկիչ պալատի` համապատասխան ոլորտի վերահսկողությունն իրականացրած աշխատակիցները` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինչպես նաեւ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ: Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության` սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները հանգամանալից ներկայացրեց ՎՊ` սոցիալական ոլորտում վերահսկողություն իրականացնող հանձնաժողովի նախագահ Խաչիկ Վարդանյանը: Այնուհետեւ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն ամփոփեց ներկայացված տեղեկատվությունը` նշելով, որ. 1. ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության` սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել: 2. Ոլորտում առկա են օրենսդրական բացեր եւ կա դրանք շտկելու խիստ անհրաժեշտություն: Քննարկումը շարունակվեց հարցուպատասխանով, ինչին հաջորդեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ելույթը: Պարոն Ասատրյանը, շնորհակալություն հայտնելով ՎՊ ներկայացուցիչներին կատարված աշխատանքի համար, համաձայնեց ներկայացված փաստերի օբյեկտիվության հետ եւ նշեց, որ կիսում է այդ փաստերից բխող ռիսկերը նվազեցնելու մտահոգությունը: Նախարարը շեշտեց նաեւ, որ ՎՊ ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա իրենք եւս քննարկումներ կանցկացնեն, ինչից հետո ՀՀ կառավարությունը հանդես կգա համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ: Քննարկման վերջում ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, եւս մեկ անգամ մեջբերելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի ներկայացրած տեղեկատվությունը, նշեց որ 2013թ. տարեկան հաշվետվության` սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ առկա օրենսդրական խնդիրներին կանդրադառնան հանձնաժողովի հետագա նիստերի ժամանակ: