Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անդրադարձել են Վրաստանի տարածք ՀՀ քաղաքացիների մուտքն արգելելու խնդրին

Պաշտոնական
գա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-ին Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ: Գալուստ Սահակյանն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է Վրաստանի տարածք ՀՀ քաղաքացիների մուտքն արգելելու երևույթին: Նրա խոսքով՝ վերջին շրջանում ՀՀ որոշ քաղաքացիների կողմից բողոքներ են ստացվել, որ հայ-վրացական սահմանային անցակետերում վրաց սահմանապահների կողմից արգելվել է վերջիններիս մուտքը Վրաստանի տարածք: Ի պատասխան ՀՀ ԱԺ նախագահի վերջին դիտարկմանը՝ Վրաստանի Ազգային ժողովի նախագահն ափսոսանք է հայտնել նման միջադեպերի առնչությամբ և հույս հայտնել, որ խնդիրը կկարգավորվի: Հանդիպման ընթացքում Գալուստ Սահակյանը նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա Վրաստանի խորհրդարանականներին հրավիրել է մասնակցելու ապրիլին Երեւանում կայանալիք ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման միջոցառումներին: Նա հույս է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանը համապատասխան անդրադարձ կկատարի մարդկության դեմ իրականացված այդ ոճրագործությանը: «Ցեղասպանության դատապարտումն ու ճանաչումը կարևոր նշանակություն ունի մարդկության դեմ կատարված հանցագործությունների կանխարգելման հարցում»,-նշել է ՀՀ ԱԺ նախագահը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գրառում է կատարել Վրաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև երկու երկրների խորհրդարանների նախագահները հանդես են եկել մամուլի ասուլիսով: Նույն օրը՝ հոկտեմբերի 6-ին, ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ, հանդիպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հետ: Ազգային Ժողով