Տնտեսվարողները սպասում են հոկտեմբերի 10-ի հանրահավաքին (տեսանյութ)
«Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառման հետաձգումը պարզապես ժամանակ շահելու միջոց է` hամոզված են փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները։ «Ժամանակ են ձգում, որ վերջում ասեն՝ ոչինչ հնարավոր չէ, չի ստացվում կասեցնել»,- ասաց Ֆիրդուսի տոնավաճառի աշխատակից Կարինե Մանուկյանը։ Իսկ Մամիկոն Խաչատրյանը ավելացնում է. «Ամսի տասին խոշոր հանրահավաք է նախատեսված եւ դրանից հետո չգիտենք՝ ինչ է տեղի ունենալու, բողոքավորների ինչ-որ խմբի փորձեցին մի փոքր լռեցնել»։ Ֆիրդուսի տոնավաճառի աշխատակիցներն այսօր քննարկում էին կառավարության երեկվա հաղորդագրությունը։ Տնտեսվարողների մտահոգությունները կառավարությունը ուսումնասիրել էր եւ որոշ կարգավորումներ ժամանակային առումով համարել խնդրահարույց։Պետք է օրենքի նոր նախագիծ մշակվի, համաձայն որի՝ գույքագրման պահանջը կերկարաձգվի մինչեւ 2015 թվականի փետրվար։ «Հիմնավոր պետք է փոխվի օրենքը»,- ասում է Մամիկոն Խաչատրյանը։ Վիլիկ Հովհաննիսյանը, սակայն, այլ կարծիքի է. «Որ մտադրված է ղեկավարությունը, ամեն ինչ կանի՝ ի վնաս ժողովրդի»։ Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները վստահեցնում են. եթե իրենց առաջարկները մնան թղթի վրա, իրենք կրկին դուրս կգան փողոց։