Հայաստանի Մ-19 հավաքականը մեկնել է Սերբիա
Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը այսօր մեկնել է Սերբիա: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր պատանի ֆուտբոլիստները հոկտեմբերի 10-15-ը Սերբիայում կմասնակցեն Եվրոպայի 2015 թ. պատանեկան առաջնության որակավորման 1-ին փուլի 9-րդ խմբի մրցաշարին, որտեղ ընդգրկված են նաեւ դաշտի տերերի, Իտալիայի եւ Սան-Մարինոյի այդ տարիքային հավաքականները: Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի թիմի կազմում ընդգրկել է 18 ֆուտբոլիստ: Վերջին պահին վնասվածք ստացած Ալեքսանդր Հովհաննիսյանին փոխարինել է Գագիկ Մաղաքյանը: Հոկտեմբերի 10-ին Հայաստանի պատանեկանը կմրցի Իտալիայի, հոկտեմբերի 12-ին՝ Սերբիայի, իսկ հոկտեմբերի 15-ին՝ Սան-Մարինոյի հետ: Բոլոր հանդիպումները կսկսվեն Երեւանի ժամանակով ժամը 16:30-ին: