Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն Արցախում է
Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալիեն ս.թ. հոկտեմբերի 12-ին ժամանել է Արցախ: Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա երգչուհու բացառիկ համերգը` նվիրված Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին: Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում Մոնսերատ Կաբալիեն վարպետության դասեր կտա արցախցի երիտասարդ օպերային երգիչներին: Ծրագրված է Մ.Կաբալիեի հանդիպումները Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Մոնսերատ Կաբալիեն Արցախ է ժամանել իր հարազատների, իսպանացի տենորի և նվագակցողի հետ: Այցի ծրագիրն իրականացվում է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և «Ստարմուս» ընկերության համագործակցությամբ: Մոնսերատ Կաբալիեն առաջին անգամ Արցախ է այցելել 2013թ. հունիսին։ Նույն թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալիեի «Հայաստան և Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը: Հենց Փարիզում էլ ճանաչված երգչուհին խոստացել է կրկին գալ Արցախ: «…Վերադառնում եմ Արցախ և այս անգամ երգելու համար: Ձեզ հետ, Ձեր փոքրիկ, բայց ուժեղ երկրում կտոնեմ զինադադարի կնքման 20-ամյակը: Հուսով եմ տեսնել Ձեզ Ստեփանակերտում, հանդիպել իմ հին ընկերներին և երգել նրանց համար` հանուն խաղաղության և Արցախի բարգավաճման»,-գրել է Մոնսերատ Կաբալիեն՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ուղղված նամակում: Մոնսերատ Կաբալիեն ծնվել է 1933թ., Բարսելոնայում (Իսպանիա): Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը: 1974 թվականին ճանաչվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության պատվավոր դեսպան, 1991-ին՝ Խաղաղության դեսպան, 1994-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն