Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի իշխանությունների ոչ լեգիտիմությունը սպառնալիք է Արցախի համար

Հարցազրույց Քաղաքականություն
hayk_khanumyan

Հարցազրույց արցախյան «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի հետ: -Հոկտեմբերի 24-ին եռյակի հանրահավաքին կոչեր հնչեցին նաև Արցախին՝ միանալու սկսված շարժմանը և աջակցելու իշխանափոխությանը Հայաստանում, արդյո՞ք այդ կոչերն արձագանք կունենան Ստեփանակերտում: -Եռյակի մասին Արցախում տարբեր պատկերացումներ կան: Եռյակի մեջ կա ուժ, որը համարվում է բացարձակ արցախամետ, Արցախի հարցում հանդես է գալիս «ոչ մի թիզ հողի» սկզբունքով, այսինքն` դեմ է բոլոր տեսակի տարածքային զիջումներին, կա ուժ, որն այնքան էլ բարի համբավ չունի իր առաջնորդի նախկինում պարտվողական կեցվածքի պատճառով: Հետևաբար միանշանակ չէ արցախյան քաղաքական շրջանակների վերաբերմունքը եռյակի մեջ ներգրաված ուժերի նկատմամբ: Սակայն նրանց բարձրացրած գլխավոր հարցը՝ իշխանափոխությունը, կարծում եմ, արցախյան քաղաքական գրեթե բոլոր դերակատարների սրտով է: Այդ թվում իշխանությունների, որոնք ավանդաբար համարվում էին երևանյան իշխանությունների շարունակությունը Ստեփանակերտում: Դա են վկայում Եռյակի անդամներ «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների առաջնորդների առանձին այցերն Արցախ: Այստեղ նրանք իշխանությունների կողմից արժանացան այնպիսի ընդունելության, որին սովորաբար արժանանում է ՀՀ նախագահը կամ վարչապետը: ԼՂՀ նախագահն անձամբ նրանց համար էքսկուրսիա անցկացրեց Արցախի շրջաններով, եղան զինվորական պատիվներ: Միևնույն ժամանակ Արցախի իշխանություններին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իրար կապող նախարար կա Արցախի կառավարությունում, ինչն ամենօրյա ռեժիմով բանակցությունների հնարավորություն է տալիս երկու կողմերին: -Ինչո՞վ է պայմանավորված արցախյան քաղաքական դերակատարների նման բարեհաճ վերաբերմունքն իշխանափոխությանը Հայաստանում: -Հայաստանի իշխանությունների լեգիտիմության բացակայությունը ամենալուրջ մարտահրավերն է Արցախի անվտանգությանը: Վտանգ է, երբ Սերժ Սարգսյանը, ինչպես ինքն է խոստովանել չեխահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, մեկ գիշերում արտաքին ճնշման տակ որոշումներ է ընդունում: Սերժ Սարգսյանի՝ ոչ լեգիտիմ լինելը ողբերգական կարող է լինել նաև Արցախի համար: Միգուցե մի գիշեր էլ Արցախի վերաբերյալ ինչ-որ փաստաթուղթ ստորագրի: Իր ոչ լեգիտիմությունը Սերժ Սարգսյանը փորձում է լրացնել այս կամ այն գերտերությանը հաճելի փաստաթղթի ստորագրմամբ: Հենց սա է Երևանին, Ստեփանակերտին, ողջ հայությանը սպառնացող լրջագույն մարտահրավերը: Ինչպես ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ, այնպես էլ այսօր ընթացող զարգացումների ֆոնին, Արցախում լուրջ անհանգստություններ կան, որ Սերժ Սարգսյանն իր իշխանությունը պահելու համար կարող է զիջումների գնալ Արցախի հարցում: - Փաստորեն «Ազգային վերածնունդ» կուսակցությունը նույնպես կցանկանար իշխանափոխություն Հայաստանում: Իսկ դրանից հետո ի՞նչ ակնկալիքներ ունեք: -Իշխանափոխությունից հետո ամենամեծ ակնկալիքն այն է, որ ընտրությունների ինստիտուտը վերադարձվի ժողովրդին: Ցավոք, 1991թ.-ից այս կողմ Հայաստանում ոչ մի արդար ընտրություն անց չի կացվել: Ընտրությունների միջոցով երկրի քաղաքական կյանքին մասնակցելու ժողովրդի իրավունքը արհամարհված է, ինչն էլ այսօր բերել է նման ողբերգական վիճակի, երբ Հայաստանի բնակչության ավելի քան 40 տոկոսն աղքատ է, արտագաղթի տեմպերը՝ մեծ, երկիրը թույլ, իշխանությունները զրոյական հեղինակությամբ: Միայն լեգիտիմ իշխանություններ ձևավորելով զերծ կմնանք այսօրվա մարտահրավերներից: Հարցազրույցը՝ Լ. Հակոբյանի