Հրազդանի կիրճի վիճակն անհանգստացնող է. կառուցապատում՝ նաեւ գետի վրա (տեսանյութ)
Այգիների զավթումն սկսվել է դեռ 2000 թվականների սկզբներին, երբ մարդիկ իրենց գումարները սկսեցին ներդնել շինարարության մեջ՝ ակնկալելով դրանից գերշահույթ ստանալ։ Այս մասին հիշեցնում է բնապահպան Ինգա Զարաֆյանը՝ ավելացնելով, որ առաջին զոհերը դարձան «Հաղթանակ» եւ «Օղակաձեւ» զբոսայգիները։ «Ոնց որ մեկը մեկից օրինակ էր վերցնում եւ հերթական օբյեկտն էր կառուցում։ Կառուցապատումը շարունակվում է, եւ իմ կարծիքով այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ մինչեւ վերջին քմ-ն այդ գործընթացը կշարունակվի»,- «Ա1+»-ին ասաց «էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը։ Նա այսօր ավելի շատ անհանգստացած է Հրազդանի կիրճում տիրող իրավիճակի համար։ Թեեւ այնտեղ որեւէ շինարարություն անելն արգելված է, սակայն կառուցապատումը շարունակվում է ոչ միայն Հրազդանի կիրճի, այլ նաեւ գետի վրա։ «Մենք չունենք վերահսկում եւ դա շարունակվում է»,- նշում է Ինգա Զարաֆյանը։ Բնապահպանը հարկ է համարում եւս մեկ անգամ հիշեցնել, որ դեռ 2006 թ.-ին Բնապահպանական տեսչությունը հայտարարել էր, որ գործող 4 օբյեկտները պետք է ապամոնտաժվեն, սակայն դրանք ոչ միայն չեն ապամոնտաժվել, այլև նորերն են ավելացել։