Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անունները կասի միայն Սերժ Սարգսյանին. հացադուլը մեկնարկեց (տեսանյութ)

Հասարակություն
hacadul

«Մանանա գրեյն» ընկերությունից 57 մլն դրամի գողությանն օժանդակելու համար 5 ու կես տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առուշանյանի հարազատներն այսօրվանից նախագահականի դիմաց անժամկետ հացադուլ սկսեցին։ Աշոտի հոր՝ Լավրենտի Առուշանյանի խոսքերով, գործում չկա որեւէ ապացույց, որը կհիմնավորի որդու մեղքը։ Սակայն ով է կանգնած այս գործի հետեւում, առայժմ չի բարձրաձայնում։ « Եթե հանրապետության նախագահը կպահանջի անուններ, ես միայն նրան կհայտնեմ դրանք, ես ամեն ինչ էլ գիտեմ, որտեղից է գալիս եւ ով է այս անօրինականության հետեւը կանգնած»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան ասաց Լավրենտի Առուշանյանը։ Նրա խոսքերով՝ գործը սարքել է քննիչ Մուշեղ Ալեքսանյանը եւ նա պետք է պատասխանատվության ենթարկվի։ Հացադուլ սկսած հայրը այսօր դիմեց նաեւ «Մանանա գրեյն» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանին. «Եթե դուք շահագրգռված եք եւ ուզում եք իրականությունը բացահայտվի, եկեք միասին կանգնենք, հանցագործներին մերկացնենք»։ Աշոտ Առուշանյանի ծնողները վճռական են տրամադրված եւ նախագահական նստավայրից չեն հեռանալու այնքան ժամանակ, մինչեւ իրենց որդին արդարացվի եւ ազատ արձակվի։