Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անմեղ քաղաքացիները»՝ Գյումրու ճանապարհներին (տեսանյութ)

Հասարակություն
1415806518_vtar

Երկու օր առաջ Գյումրի-Երեւան ավտոճանապարհին մեկ վթարից զոհվեց 7 հոգի։ Ըստ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի տվյալների՝ խաղաղ պայմաններում մոտ 300 կյանք մեկ տարում մենք կորցնում ենք ճանապարհների վրա։ Խոշոր ավտովթարի զոհերի հարազատներին ցավակցեցին բոլոր այն պաշտոնյաները, որոնք պատասխանատու էին այդ դեպքի համար։ Առայժմ պաշտոնական տվյալներ չկան, թե հատկապես ինչն է դարձել զոհեր ունենալու պատճառ, խոսում են, որ պայթել է երթուղայինի վաղուց մաշված գազի բալոնը։ Մասնագետներն արդեն ներկայացրել են իրենց նախնական եզրակացությունը՝ երթուղայինի գազի բալոնները չեն պայթել։ Կա տեսակետ, որ ճանապարհային երթեւեկության նշանների անմխիթար վիճակը նույնպես կարող է հանգեցնել այսպիսի դեպքերի, գիշերը վարորդների համար դրանք դժվարտեսանելի են։ «Պետք է ոչ թե վարորդը գտնի՝ նշանները որտեղ են տեղադրված, այլ նշանը պետք է էնքան ակնհայտ տեսանելի լինի, որ վարորդին կասկած չհարուցի, որ էստեղ նշան է տեղադրված»,- մեկնաբանում է «Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանը։ Այս վթարից կես օր հետո 30 ուղեւոր տեղափոխող մի ավտոբուս վթարվեց հենց Գյումրիում։ Այս անգամ զոհեր եւ նույնիսկ վիրավորներ չեն եղել, տուժել է միայն ավտոբուսը. «Հլը մտեք Գյումրի, տեսեք ինչ ճանապարհ ա, ընդեղ ճանապարհ չկա»,- ասում է Էդուարդ Հովհաննիսյանը։ Մասնագետներն ասում են, որ այս ամենում ոստիկանության մեղքն էլ կա, մինչեւ այսօր չկա հատուկ վերլուծություն, թե հատկապես ինչ պատճառով են տեղի ունենում ավտովթարները։ Հայտնի է, որ 2013-ի առաջին 10 ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարներին զոհ է դարձել 254 քաղաքացի, որը 22-ով պակաս է 2013-ի նույն ժամանակահատվածի զոհերի թվից։ Փոխարենը 2014-ին ավելացել է ճանապարհային պատահարներից վնասվածք ստացած քաղաքացիների թիվը։ Ոստիկանությունը բոլոր վարորդներին շարունակում է հորդորել զգոն լինել ավտոճանապարհներին, հարգեք երթեւեկության կանոնները։ Իր ցավակցական հեռագրում Գյումրի-Երեւան ավտոճանապարհի վթարի զոհերին Սերժ Սարգսյանն անվանել էր անմեղ քաղաքացիներ։ Եվ հույս հայտնել, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ։