Արկադի Անդրեասյանը չի հավատում Հայաստանի հաղթանակին
Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը այնքան էլ չի հավատում Հայաստանի հավաքականի հաղթանակին վաղը կայանալիք Պորտուգալիայի հետ խաղում: «Ես ինքնին ցանկանում եմ, որ մեր թիմը հաղթի, բայց պետք է իրատես լինենք: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը խաղում է Պորտուգալիայի հավաքականում: Նրանք ավելի շատ բարձրակարգ խաղացողներ ունեն, քան մենք: Իհարկե, ուզում ենք, որ Հայաստանի հավաքականը հաջող հանդես գա եւ եզրափակիչ փուլ մտնի, բայց պետք է մեր ֆուտբոլի ընդհանուր մակարդակը բարձրացնենք, ավելի շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ պատրաստենք, որ մրցակցություն լինի, մարզիչն ընտրություն կատարելու հնարավորություն ունենա, այլ ոչ թե ընկնենք աշխարհով մեկ խաղացողներ փնտրենք», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասաց անվանի ֆուտբոլիստը: Արկադի Անդրեասյանը նաեւ ավելացրեց, որ ֆուտբոլում քիչ գումարներ ներդնելով հնարավոր չէ բարձրակարգ խաղացողներ պատրաստել. «Մեր մանկապատանեկան թիմերի մարզիչները ամսական ստանում են 200 հազար դրամ աշխատավարձ, որով հազիվ են պահում իրենց ընտանիքը: Ցածր վարձատրվող մարզիչը ինչպես կարող է նվիրված աշխատել, պատրաստել բարձրակարգ խաղացող: Բացի այդ, մեր ֆուտբոլի դպրոցները հաճախ ֆուտբոլից չհասկացող մարդիկ են ղեկավարում, օրինակ, «Բանանց» ակումբում: Ի՞նչ խորհուրդ պետք է տա նման ղեկավարը մարզիչներին: Ոչ մի»: Սակայն 1973 թվականի ԽՍՀՄ չեմպիոնը հավատում է, որ կգա մի ժամանակ, որ Հայաստանի հավաքականը կդառնա աշխարհի առաջատար թիմերից մեկը, ինչպիսին եղել է Երեւանի «Արարատը» ԽՍՀՄ առաջնության ժամանակ. «Երկար գործընթաց է ուժեղ թիմ ստեղծելը: Մենք պետք է ուժեղացնենք ազգային առաջնությունը: Իսկ այսօր մեր առաջնությունը գլխավորում է մի թիմ, որը մի քանի օրում է ստեղծվել, ուսումնամարզական հավաք չի անցկացրել եւ նորմալ չի պատրաստվել մրցաշրջանին: Ֆուտբոլային զարգացած երկրներում նման բան հնարավոր էլ չէ», - եզրակացրեց Արկադի Անդրեասյանը: