Քաղաքացին «բրոնյա է արել» ԱԺ ցանկապատին հարող տարածքը
Քաղաքացի Դանիել Իոաննիսյանը, իր խոսքերով, «բրոնյա» է արել ԱԺ ցանկապատին հարող տարածքը։ Ակտիվիստը Երեւանի քաղաքապետարան իրազեկում է ներկայացրել նոյեմբերի 14-ից 19-ը առավոտյան 9.00-ից մինչև 20.00-ն Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.19 շենքի հարեւանությամբ (ԱԺ–ի ցանկապատին հարող տարածքում՝ մայթի վրա, չխոչընդոտելով երթեւեկության բնականոն ընթացքը) հավաք անցկացնելու վերաբերյալ։ Այն Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ ընդունվել է ի գիտություն։ Դանիել Իոաննիսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ վաղը ՍԴ-ի դիմաց ակցիա են կազմակերպելու։ ՍԴ-ն քննելու է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Նրա խոսքերով՝ վստահ չեն, որ ԵՏՄ-ին անդամակցության հարցը ցանկացած օր չի մտնի ԱԺ, ուստի որոշել են դիմել այս քայլին։ «Պետք է հուժկու ցույց կազմակերպել եւ որքան հնարավոր է շատ մարդ պետք է հավաքվի»,- «Ա1+»-ին ասաց ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը։