Մերոնք եկող շաբաթ կմեկնեն Բաքու
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը կարծում է, որ հնարավորության դեպքում հարկավոր է մասնակցել 2015 թվականին Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերին: «Եթե մենք հրաժարվենք մասնակցությունից, ապա, կարելի է ասել, որ դուրս կմնանք Եվրոպական մարզական ընտանիքից: Սակայն դեռ շատ չպարզված հարցեր կան՝ կապված մեր մասնակցության հետ: Դրանք մինչեւ որ վերջնական լուծում չստանան, մենք չեն մասնակցի այդ խաղերին»: Հրաչյա Ռոստոմյանը «Ա1+»-ի մարզական լրագրողին տեղեկացրեց, որ այդ հարցերից մի քանիսը ՀԱՕԿ-ը կքննարկի նոյեմբերի 21-22-ը Բաքվում կայանալիք Եվրոպական օլիմպիական կոմիտեի գլխավոր համաժողովի ընթացքում: «Մենք պետք է պարզենք, թե խաղերի ժամանակ որտեղ եւ ինչ պայմաններում են ապրելու մեր մարզիկները, ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունը, եւ այլ հարցեր: Դրանք պարզելուց հետո արդեն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը տարբեր մարզաձեւերի ազգային ֆեդերացիաների ղեկավարների հետ կքննարկի այդ խաղերին մասնակցել-չմասնակցելու տարբերակները»: Մեր այն նկատառումին, որ Բաքվում կայացած աշխարհի եւ Եվրոպայի տարբեր առաջնություններում մեր հավաքականներին այնքան էլ լավ չեն ընդունել հարեւան երկրում, Հրաչյա Ռոստոմյանն ասաց. «Նման խաղերը բավականին տարբերվում են տարբեր մարզաձեւերի աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից: Դրանք գտնվում են ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, եւ կազմակերպիչ երկիրն ամեն ինչ անում է այն բարձր մակարդակով անցկացնելու համար: Սակայն, եթե մենք զգանք, որ մեր մարզիկներից գոնե մեկին վտանգ է սպառնում այդ խաղերում, ապա միանշանակ կհրաժարվենք մասնակցությունից»: