Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եպիսկոպոսական ձեռնադրութիւն եւ օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հասարակություն
92d145caeb77c5ba100aefe7eddaaa6d

Նոյեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հընթացս Ս. Պատարագի տեղի ունեցաւ եպիսկոպոսական ձեռնադրութիւն եւ օծում: Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսութեան աստիճան ստացան Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Բերբերեանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմեանը եւ Մայր Աթոռի Քրիստոնէական դաստիարակութեան կենտրոնի տնօրէն Տ. Վարդան վարդապետ Նաւասարդեանը: Նոյեմբերի 15-ին, Երեկոյեան ժամերգութիւնից առաջ, Մայր Տաճարում կատարուեց ընծայացուների ուխտադրութեան արարողութիւնը, որի ընթացքում Հայր Սուրբերը, Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցուն եւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնին հաւատարմութեան իրենց ուխտը վերահաստատելով, ստորագրեցին իրենց երդմնագրերը: Նոյեմբերի 16-ին Հայրապետական Ս. Պատարագն սկսուեց Մայր Տաճարի Ս. Ստեփանոս Նախասարկաւագի խորանի վրայ, որտեղ կատարուեց նաեւ ընծայացուների հաւատքի ուղղափառութեան քննութիւնը: Այնուհետեւ ապագայ եպիսկոպոսների արժանաւորութեան մասին Ամենայն Հայոց Հայրապետի առջեւ վկայեցին Հայ Եկեղեցու ներկայացուցիչները` դպիրներ, կիսասարկաւագներ, սարկաւագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպէս նաեւ հաւատաւոր ժողովրդը ներկայացնող աշխարհականներ, որից յետոյ Ս. Պատարագը շարունակուեց Մայր Տաճարի Աւագ Խորանին: Որպէս առընթերականեր` Նորին Սրբութեանը սպասաւորում էին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքութիւնից Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալեանը եւ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթեւ եպիսկոպոս Յակոբեանը: Ընծայացուների խարտաւիլակն էր Հնդկաստանի եւ Ծայրագոյն Արեւելքի հայրապետական պատուիրակ, Աւստրալիայի եւ Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարեանը: «Աստուածային եւ երկնային շնորհ» շարականի երգեցողութեան ներքոյ վարդապետները, ծնկի եկած վեր բարձրացնելով իրենց ձեռքերը, հերթական անգամ հրաժարուեցին աշխարհից: Այնուհետեւ շարականներին, քաղուած սաղմոսներին եւ առ Աստուած ուղղուած աղօթքներին յաջորդեց օծման հանդիսաւոր պահը: Մայր Տաճարի մկրտութեան աւազանից թափօրով բերուած Սրբալոյս Միւռոնով Նորին Սրբութիւն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսութեան կոչելով Նարեկ, Աբգար եւ Վարդան վարդապետներին, օծեց նրանց ճակատներն եւ աջ ձեռքերի բութ մատները: Ձեռնադրութեան եւ օծման արարողութեան աւարտին եպիսկոպոսներին յանձնուեցին նաեւ իրենց եպիսկոպոսական իշխանութեան խորհրդանիշերը` եպիսկոպոսական գաւազաններն ու մատանիները: եկեղեցի եկեղեցի2 եկեղեցի1 Այս բերկրալից առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց նորաօծ եպիսկոպոսներին եւ ներկայ բարեպաշտ ժողովրդին: «Սիրելի հաւատաւոր զաւակներ Մեր, Մեծ ուրախութիւն եւ խնդութիւն ենք ապրում այսօր ամէնքս: Եպիսկոպոսական ձեռնադրութեան եւ օծման սրբազան արարողութեամբ վերստին Հոգեգալուստ է մեր Սուրբ Եկեղեցում: Հաւատացեալներին բաշխուող երկնառաք պարգեւներին այսօր հաւելուեցին Սուրբ Հոգու արփիափայլ, առատ շնորհները, որոնք հեղուեցին նորաօծ եպիկսկոպոսների հոգիներին եւ սրտերին: Այս պահին շարականագրի նման մենք եւս ձայնում ենք` «Ուրախ լեր Սուրբ Եկեղեցի», որովհետեւ ընտրեալ քո սպասաւորների միջից եպիսկոպոսներ են յառնում` յանձնառութեամբ կրելու հոգեւոր տեսչի եւ առաջնորդի պատասխանատու եւ ծանր լուծը: Առաքեալը բազմիցս խօսում է եպիսկոպոսի կոչման բարձրութեան եւ ծառայութեան մեծ պատասխանատուութեան մասին, քանզի նրանց առաջնորդութեան ներքոյ են արդիւնաւորւում հոգեւորականների բարեխնամ սպասաւորութիւնը, Սուրբ Գրքի կենարար խօսքով հաւատացեալներին մատուցուող հոգեւոր սնուցումը, խրատներն ու յորդորները, Եկեղեցու վարչական գործառոյթները: Եպիսկոպոսը ձեռնադրութեան կանոնի մէջ համարւում է զօրութիւնների Տիրոջ այգու` Եկեղեցու վաստակաբեռն մշակը, որի սպասաւորութեամբ ծաղկում ու պտղաւորւում է Եկեղեցին բազում արդիւնքներով: Ինչպէս քիչ առաջ ընթերցեցինք, եպիսկոպոսութեան պատիւը սրտի մաքրութեան մէջ է: «Երանի նրանց, որ սրտով մաքուր են» (Մատթ. 5.8),- ուսուցանում է Փրկիչ մեր Տէրը Լեռան քարոզում: Սրտի մաքրութիւնն է հիասքանչ երաշխիքը աստուածտեսութեան: Այսպիսի աստուածատեսներ պիտի լինեն յատկապէս եպիսկոպոսները` Տիրոջ այգու մշակները: Աստուածտեսութեան ճանապարհը բարի ընթացքն է, հաւատաւոր գործերը, եկեղեցանուէր խոնարհ ու արդիւնաւոր սպասաւորութիւնն է, Քրիստոսի մշտական ներկայութեան ջերմ զգացողութիւնը, աղօթական խոկումներն են, հաւատացեալների հանդէպ հոգածութիւնն ու անմնացորդ սէրը: Հաւատացեալների աստուածտեսութեան ուղին անցնում է եպիսկոպոսի վաստակի, քարոզչութեան, Եկեղեցու կարգաւորութեան, հոգեւոր ծառայութեանց կանոնակարգման համար ներդրուող երկնահաճոյ ջանքերի միջով: Սիրելիներ, այսօր եպիսկոպոսութեան արժանացողները բարի վարուց վկայութիւնն ունեն հաւատացեալ հայորդիների, թեմական վարչականների ու վկաների` որպէս հեզ, բարեսէր, աստուածասէր, օրինապահ եւ լի խոնարհութեամբ անձեր: Երեկ մեր ձեռնադրեալ եպիսկոպոսները Իջման Սուրբ Սեղանի առջեւ ծնրադրութեամբ խոստացան եւ ուխտեցին հաստատակամ ընթանալ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու վարդապետութեան եւ պատուիրանների համաձայն, բարի սպասաւորութեամբ ուսուցանել եւ խրատել իրենց խնամքին յանձնուած հաւատացեալներին եւ որպէս Քրիստոսահաստատ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան` ամենայն ջանք գործադրել համայն հայութեան հոգեւոր կենտրոնի զարգացման եւ պայծառութեան համար: Պատմութեան հոլովոյթներում եպիսկոպոսների քաջեռանդ ու կորովի առաջնորդութեամբ է մեր ժողովուրդը` իբրեւ Քրիստոսի Սուրբ Եկեղեցի, զարգացրել գիտութիւն ու մշակոյթ, ստեղծել գիր ու դպրութիւն, կերտել վանք ու եկեղեցի, յաղթահարել դժուարին ժամանակների փորձութիւնները, վերապրել Հայոց Ցեղասպանութիւնը, պահպանել մշտալոյս յոյսն ու հաւատքը, հասել ազատ կեանքի, հայոց անկախ պետականութեան իր երազանքի իրականացմանը: Առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցին եպիսկոպոսների գլխաւորութեամբ ու սպասաւորութեամբ, վարդապետաց, քահանայից ու սարկաւագաց դասի ծառայութեամբ, աստուածասէր մեր ժողովրդի աջակցութեամբ այսօր էլ բարուոք շարունակում է Քրիստոսապատուէր իր առաքելութիւնը, հոգեխնամ ծառայութիւնը, ի սփիւռս աշխարհի ջանքեր գործադրում հայ կեանքի բարօրութեան ու առաջընթացի համար: Մեր հոգեւոր-եկեղեցական կեանքում բազում են մարտահրաւէրները: Եւ այսօր էլ մեր եպիսկոպոսները պիտի անհոգնաբեկ ջանքեր գործադրեն, որպէսզի հայորդիք առաւել հաղորդակից լինեն եկեղեցական մեր սրբազան աւանդոյթներին, վերարժեւօրէն մեր անգին հոգեւոր ժառանգութիւնը, աղանդների մոլորեցնող ուսմունքների ազդեցութեամբ չշեղուեն ճշմարտութիւնից, անսայթաք ընթանան Քրիստոսի պատուիրանների համաձայն, անխաթար պահպանեն լուսաւորչահաստատ հաւատքը, ապրեն քրիստոնէական, մարդկային բարձր արժէքներով: Առկայ խնդիրների ու դժուարութիւնների յաղթահարման համար կենսականօրէն կարեւոր է, որպէսզի մեր ժողովրդի զաւակունք համախումբ մնան մեր Սուրբ Եկեղեցու հովանու ներքոյ` ամուր առ Աստուած եւ առ Հայրենին սիրոյ ու նուիրումի մէջ եւ ընթանան փրկութեան ճանապարհներով», - ասաց Վեհափառ Հայրապետը: Նորին Սրբութիւնը, Ս. Պատարագին մասնակից ուխտաւորներին ներկայացնելով ձեռնադրեալ եպիսկոպոսներին, վերջիններիս բարեմաղթեց. «Սիրելի Սրբազաններ, Մեր յորդորն ու պատգամն է, որ հաստատուն պահէք ձեր ուխտը, գործէք եւ ծառայէք մեր Տիրոջ եւ Փրկչի` Յիսուս Քրիստոսի լոյս օրինակով եւ ձեր ազգօգուտ ու եկեղեցանուէր գործերին յաւելէք նորանոր ձեռքբերումներ: …Մաղթում ենք, որ մարգարէական նախանձախնդրութեամբ, առաքելական հաստատակամութեամբ, Տիրոջ խօսքը մատռուակող աւետարանիչների քաջալերութեամբ, մեր երանելի սուրբ հայրերի լուսաշաւիղ օրինակով միշտ փութեռանդ իրականացնէք ձեր առաքելութիւնը, որպէսզի յաւէտ շէն ու պայծառ լինի Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, մխիթարութեամբ սփոփեալ` սրտերն ու հոգիները հաւատաւոր Մեր սիրելի զաւակների, եւ նոր ձեռքբերումներով ու իրագործումներով զարդարուի ազգային, հոգեւոր-եկեղեցական առաջընթացը հանուր աշխարհասփիւռ հայութեան: Ի խորոց սրտի աղօթում ենք առ Ամենակալն Աստուած, որ Երկնաւոր Տիրոջ կողմից Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդուղիմէոս առաքեալների ձեռամբ հիմնադրուած, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Հայրապետի հաստատած Հայ Եկեղեցին, որը փրկութեան տապանն է համայն հայութեան, պայծառացեալ պահէք ձեր կորովի ծառայագործութեամբ: Այլեւ հայցում ենք, որ Փրկիչ մեր Տէրը զօրակից եւ աջակից լինի ձեզ` անսայթաք ընթանալու տէրունապատուէր ծառայութեան շաւիղներով, Սուրբ Հոգու առաջնորդութեամբ նոր յաջողութիւններ յաւելելու մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում տարիների ձեր վաստակին»: Հայրապետական պատգամից յետոյ բոլոր եկեղեցականները բարձրացան Սուրբ խորան` համբուրելու նորաօծների աջը եւ նրանցից ստանալու առաջին եպիսկոպոսական «Ողջոյնը»: Ս. Պատարագի աւարտին նորաօծ Սրբազաններին եպիսկոպոսութեան կանչուելու առիթով շնորհաւորեց նաեւ հաւատաւոր ժողովուրդը: Ձեռնադրութեան արարողութեանը ներկայ էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբաններ, Բրազիլիայի եւ Կանադայի հայոց թեմերի թեմական խորհուրդների եւ եկեղեցականաց դասի ներկայացուցիչներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ, բարերար հայորդիներ, ՔԴԿ եւ ՙԷօրնեկեան հանրակրթական դպրոցի՚ աշխատակիցներ եւ սաներ, ձեռնադրեալների բարեկամներ եւ բազում ուխտաւորներ: Առաջիկայ օրերին նորաօծ եպիսկոպոսների կողմից Մայր Տաճարում կը մատուցուեն ուխտի պատարագներ:   Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերեան