Թատրոնի միջազգային ինստիտուտը նախընտրեց Հայաստանը Ադրբեջանից (տեսանյութ)
Նոյեմբերի 17-22-ը Երևանում կանցկացվի Թատրոնի միջազգային ինստիտուտի 34-րդ համաշխարհային կոնգրեսը`«Նոր ձայներ, նոր հանդիսատես. Ժամանակն է երկխոսության» կարգախոսով: Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են միջազգային պարային և թատերական նախագծեր, վարպետության դասընթացներ և շնորհանդեսներ, իսկ երեկոյան ժամերին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 300 պատվիրակները իրենց նախընտրությամբ կդիտեն ներկայացումներ հայկական թատրոններում և կծանոթանան Հայաստանի թատերական գործիչների հետ։ «Մենք երկար էինք որոշում, թե որտեղ անցկացնենք մեր միջազգային կոնգրեսը։ Անգամ Ադրբեջանը կար մեր ցանկում, բայց մենք նախընտրեցինք Հայաստանը, քանի որ մեզ պետք է այնպիսի երկիր, որտեղ կա ազատ խոսք, ու մարդիկ չեն վախենում իրենց կարծիքը հայտնել։ Հայկական թատրոնը միշտ էլ լավագույններից է եղել, քանի որ ներկայացումների մեջ սիրտ կա»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնեն: ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը իր խոսքում կարևորեց Հայաստանում նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորությունը և հավելեց, որ մշակույթի նախարարությունը ամեն ինչ կանի, որ կոնգրեսը անցկացվի բարձր մակարդակով։