Դատավճիռ՝ վարկածի հիման վրա (տեսանյութ)
Իր պաշտպանյալ Աշոտ Առուշանյանին 5 տարի 6 ամիս դատապարտելը փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն այսպես է մեկնաբանում՝ դատավճիռ՝ վարկածի հիման վրա։ «Ինքնասպանություն գործած Արտաշես Գալուստյանի ցուցմունքը եւ առերես հարցաքննությունը միակ ցուցմունքն էր, որը անթույլատրելի ճանաչվեց, սակայն որպես հիմնավոր կասկած դրվեց դատավճռի հիմքում»,- նշում է պաշտպանը։ Այսօր Լիպարիտ Սիմոնյանը դատարանում հանդես եկավ պաշտպանական ճառով։ Նա մանրամասն ներկայացրեց գործում առկա բացերը եւ այն ապացույցները, որոնք հիմնավորում են իր պաշտպանյալի անմեղությունը։ HSBC բանկի ռիսկային վարկերի բաժնի գլխավոր մասնագետ , 28- ամյա Աշոտ Առուշանյանը մեղադրվում է «Մանանա Գրեյն» ընկերությունից առանձնապես խոշոր չափերի՝ 56 միլիոն դրամի գողությանն օժանդակելու մեջ. «Իբր Աշոտ Առուշանյանի մեղքը կայանում է նրանում, որ 6 ամիս առաջ ինֆորմացիա է տվել ամիսներ հետո եկող մեքենայի վերաբերյալ։ Աբսուրդ է դա, մարդը չէր կարող քնել եւ մտածել, որ 6 ամիս հետո այս ինչ օրը գալու են, միայն դա բավական է այս մեղադրանքի աբսուրդ լինելը հասկանալու համար» Լիպարիտ Սիմոնյանը հարկ է համարում ուշադրություն հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա։ Գողության դեպքը տեղի է ունեցել 2012 թ նոյեմբերի 21-ին ժամը 15,00-ի սահմաններում, սակայն գործով տուժողը՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արմեն Մանուկյանը, հաղորդում է տվել մոտ 1 ժամ ուշ եւ այդ մեկ ժամվա տեսագրությունը բացակայում գործի նյութերից։ «Հարց է առաջանում, գուցե փողերը վերցրել գնացել է, հետո հաղորդում է տվել, որ փողերս գողացել են կամ փողերի մի մասը, դա էլ իմ վարկածն է»,- ասում է պաշտպանը։ Այսօրվանից հացադուլ հայտարարեց նաեւ Աշոտ Առուշանյանը։ Նա միացավ արդեն 6 օր հացադուլ անցկացնող իր ծնողներին։ Միայն թե ծնողները հացադուլը կշարունակեն նախագահական նստավայրի դիմաց, իսկ ինքը՝ կալանավայրում։