Ո՞ր ռոբոտը կհաղթի
Նոյեմբերի 22-ին «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի կունենա «Գծին հետևող և իրեր դասակարգող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը: Առաջնությունն անցկացվում է 2008 թվականից՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության «ԱրմՌոբոտիքս» ծրագրի շրջանակներում: 2014թ. մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել շուրջ 20 թիմ, որոնցից եզրափակիչ փուլ անցան 13-ը: Մասնակիցների ստեղծած ռոբոտներն առաջադրանք ունեն հետևել գծին, տարբերակել իրը, բռնել այն, որոշել գույնը և հասցնել համապատասխան գույնի համար առանձնացված տիրույթ: Իրականում սա իրեր տարբերակող և գծին հետևող ռոբոտների համադրումն է: Եզրափակչին մասնակցող թիմերից 10-ը ներկայացնում են դպրոցական ռոբոտաշինական խմբակները, որոնցից 8-ը ՀՀ մարզերից են (Լոռի, Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք, Արագածոտն): Թիմերի մեծ մասը ներկայնում է դպրոցներին տրամադրված «Սայմոտեկ» ընկերության «ՍեՌոբ» ռոբոտ-կոնստրուկտորով, 2 թիմ՝ Lego NXT ռոբոտով, իսկ մյուսները նախընտրել են փորձարկել ինքնաշեն ռոբոտները կամ ստեղծել տարբեր տեսակի ռոբոտներից կառուցված հիբրիդային տարբերակ: Ռոբոտները ծրագրված են C++ կամ LabView ծրագրերով: Մրցույթի հաղթող երեք թիմերը կարժանան դրամական մրցանակների: «ԱրմՌոբոտիքս» ծրագիրը նախաձեռնել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների Միությունը: