Հայաստանի շախմատիստները հազվադեպ են հաղթում
Քաթարում ընթացող շախմատի մաստերս կարգի մրցաշարում Հայաստանի պատվիրակներն առայժմ հետապնդողների դերում են գտնվում: Երեկ կայացած 4-րդ տուրում մեր 7 շախմատիստներից հաղթանակ տարան միայն երկուսը՝ Վլադիմիր Հակոբյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը: Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը եւ Էլինա Դանիելյանը իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին, իսկ ահա Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը պարտվեց վրաց շախմատիստուհի Բելա Խոթենիշվիլուն: Չորս տուրից հետո Սերգեյ Մովսեսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը 3-ական միավոր ունեն, որոնք բաժանում են 7-32-րդ տեղերը: Նրանց հաջորդում են Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 2,5-ական միավոր, Հովհաննես Գաբուզյանը՝ 2, Էլինա Դանիելյանը եւ Գաբրիել Սարգսյանը՝ 1,5-ական: Մրցաշարը միանձնյա գլխավորում է հոլանդացի շախմատիստ Անիշ Գիրին, որն իր ակտիվում ունի 4 միավոր: Այսօր նախատեսված 5-րդ տուրում մեր շախմատիստներից համեմատաբար հեշտ մրցակիցներ են բաժին հասել Հովհաննես Գաբուզյանին, Էլինա Դանիելյանին եւ Գաբրիել Սարգսյանին, քանի որ նրանք ստորին դիրքերում են գտնվում եւ պայքար են մղում ցածր վարկանիշ ունեցող շախմատիստների հետ: