«Արարատը» մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց
«Եթե խաղային դրվագ լիներ, ապա հասկանալի կլիներ մեկին դեղին, մյուսին կարմիր քարտով պատժելը, բայց երբ միջադեպը կատարվում է խաղի ընդմիջմանը, ապա, կարծում եմ, մրցավարը պետք է հավասարապես պատժեր կարգազանցներին» - այսպես մեկնաբանեց Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանն այսօր Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբում կայացած «Ալաշկերտ» - «Արարատ» խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպը: Նշենք, որ ընդմիջմանը խաղադաշտում հարաբերությունները սկսեցին պարզել ալաշկերտցի Միհրան Մանասյանը եւ արարատցի Քոլին Քինգը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Արթուր Սաֆարյանը առաջինին պատժեց դեղին քարտով, իսկ երկրորդին հեռացրեց դաշտից: Այդպիսով, «Արարատը», որն առաջին խաղակեսից հետո 1:0 հաշվով առջեւում էր, ընդմիջումից հետո մնաց 10 հոգով եւ ստիպված անցավ խորը պաշտպանության, իսկ «Ալաշկերտը» տարածքային առավելությանը զուգահեռ ստացավ նաեւ թվային առավելություն: Անհավասար պայքարում հյուրերը մեծ դժվարությամբ կարողացան ոչ-ոքի խաղալ՝ 1:1, եւ խույս տալ 7-րդ անընդմեջ պարտությունից: Այսօր տեղի ունեցավ Հայաստանի առաջնության 15-րդ տուրի «Շիրակ» - «Բանանց» հանդիպումը: Հյուրերը առաջինը բացեցին հաշիվը, սակայն դաշտի տերերը երկրորդ խաղակեսում երկու գոլ խփեցին եւ առաջ անցան հաշվի մեջ: Սակայն շիրակցիները խաղավարտից երեք րոպե առաջ երկրորդ գնդակը ընդունեցին սեփական դարպասը եւ ձեռքից բաց թողեցին հաղթանակը՝ 2:2: Այժմ Հայաստանի առաջնությունում երեքամսյա ընդմիջում է հայտարավել եւ թիմերը պայքարը կվերսկսեն 2015 թվականի մարտի 1-ին: