Կոռուպցիան մեր երկրում չի քչանում. ԹԻ (տեսանյութ)
Աշխարհում ամենաքիչ կոռումպացված երկիրը Դանիան է, ամենաշատը՝ Սոմալին։ Սա «Տրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության այս տարվա Կոռուպցիայի ընկալման համաթիվն է։ Այդ համաթիվը գնահատում և դասակարգում են պետությունները՝ ելնելով այն բանից, թե երկրի պետական և համայնքային մարմինները որքանով են ընկալվում որպես կոռումպացված։ «Կոռուպցիայից զերծ, այսպես ասած՝ մաքուր երկրներ, աշխարհում չկան։ «Հայաստանում կոռուպցիայի համաթիվը 50 միավորից ցածր է, իսկ նման ցուցանիշը նշանակում է, որ կոռուպցիան հստակ խոչընդոտ է երկրի զարգացման համար»,-նշել է «Տրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը։ Կառույցի ներկայացրած դասակարգման աղյուսակում ներառված 175 երկրների ավելի քան երկու երրորդի կոռուպցիայի ցուցանիշը պակաս է 50 միավորից։ Մեր հարևան երկրներից համեմատաբար շահեկան վիճակում են Թուրքիան և Վրաստանը, իսկ Իրանն ու Ադրբեջանը մեր երկրից առավել կոռումպացված են։ «Ամեն դեպքում Հայաստանում լճացած վիճակ է, կոռուպցիան չի քչանում»,-շեշտել է «Տրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գործադիր տնօրենը։