Դրամով կանխիկ վարկավորումը ժամանակավորապես դադարեցվել է
«Յունիբանկ»-ը երեկվանից դադարեցրել է դրամով կանխիկ վարկավորումը: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց բանկի վարչության նախագահ Վարդան Աթայանը` դա ժամանակավոր բնույթ է կրում. «Ուղղակի մենք տեսանք, որ այդ վարկերը ոչ թե սպառողական նպատակներով են օգտագործում, այլ ծառայում են արտարժույթ գնելուն, ընդ որում` արտարժույթը ձեռք էին բերում հենց մեր բանկի դրամարկղից»: Պարոն Աթայանի խոսքերով` կանխիկ վարկավորումը կսկսեն, երբ արհեստական այդ աժիոտաժը, պանիկան անցնի. «Չի կարելի 200 հազար դրամ վարկ վերցնել ու դոլար առնել: Իրականում դա սխալ է ու ավելորդ լարվածություն է առաջացնում»: Ինչ վերաբերում է մյուս տիպի վարկերին, ապա, նրա վստահեցմամբ, դրանց սպասարկումը չի դադարեցվել. «Երեկ, օրինակ, մենք 70 մլն դրամով վարկ ենք տվել այն ապառիկների համար, որոնցով առեւտուր են անում խանութներից»: Նշենք, որ վերջին օրերին ԱՄՆ դոլարը դրամի նկատմամբ սկսել է կտրուկ արժեւորվել: Այժմ, 1 դոլարը «Յունիբանկ»-ը գնում է 443, վաճառում` 453 դրամով: