ՍԴ որոշման էությունը՝ մաքսային արժեքի վերաբերյալ
«Ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի որոշման ընդհանուր կանոնը գործարքի գնի մեթոդն է»,- ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդական Արամ Վարդանյանն այսպես է մեկնաբանում մի քանի օր առաջ ՍԴ մի որոշումը։ «Սույն թվականի դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանը քննության էր առել ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման գործընթացի հետ առչնվող Մաքսային օրենսգրքի որոշ դրույթների ՀՀ Սահմանադրության համապատասխանության վերաբերյալ գործը: Դատարանի դիրքորոշման համաձայն՝ ապրանքների ու տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի որոշման ընդհանուր կանոնը գործարքի գնի մեթոդն է, իսկ մաքսային արժեքի որոշման մյուս մեթոդները՝ բացառություն են ընդհանուր կանոնից: Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ պրակտիկայում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ապրանքի մաքսային արժեքի որոշման` հիմնական կանոնը՝ գործարքի գնի մեթոդը փաստացի դարձել է բացառություն, իսկ բացառություն հանդիսացող այլ մեթոդները՝ հիմնական: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը Սահմանադրական դատարանը որոշեց, որ մաքսային մարմինը, մաքսային արժեքի չափի կամ որոշման մեթոդի վերաբերյալ անհամաձայնության դեպքում, պարտավոր է դրա մասին կայացնել պատճառաբանված եզրակացություն և/կամ որոշում, և անկախ հայտարարատուի գրավոր կամ բանավոր պահանջից՝ պետք է վերջինիս տրամադրի համապատասխան եզրակացությունը և/կամ որոշումը: Միաժամանակ դատարանը արձանագրել է նաև, որ չնայած մաքսային օրենսգրքում առկա որոշակի շփոթությանը՝ մաքսային մարմինների կողմից ընդունած նշյալ ակտերը բոլոր դեպքերում պետք է լինեն բողոքարկելի: Սահմանադրական դատարանը որոշել է նաև, որ մաքսային արժեքը գործարքի գնի մեթոդով հաշվարկելու համար մարդկանց կողմից ներկայացրած տեղեկությունները հավաստի են ու արժանահավատ, եթե մաքսային մարմինը չի ապացուցել հակառակը»,- նշված է մեկնաբանության մեջ։