Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Սարգսյանն ավելի մեծ սխալներ արեց, քան Ռ.Քոչարյանը. Բագրատյանը՝ տնտեսության մասին. hetq.am

Տնտեսություն
bagratyan

Արտարժույթի շուկայում էպիկական իրավիճակ է։ Այս պահին (16-ը դեկտեմբերի 2014թ երեկոյան ժամը 23։30) դոլարի արժեքն է 550, իսկ եվրոյինը 690։ Պաշտոնական փոխարժեքներն են՝ 490.34 և 614.2։ Մեկ ամիս առաջ (16.10.2014) դոլարի և եվրոյի փոխարժեքները համապատասխանաբար կազմել են 415.5 և 517.9։ Հիմա տեսնենք թե ինչ է կատարվում դրամի հետ։ Մեծ հաշվով դրամի արժեզրկումը կապված է 3 գործոնի հետ։ Առաջինը դրա անհասկանալի արժևորումն էր 2004/05-2007/08թթ՝ 595-ից մինչև 305։ Ռ.Քոչարյանը մեմուարներ է գրում առանց դույզն իսկ պատկերացնելու, որ արժևորումը բերում է սպառման արհեստական ընդլայնման (այժ ժամանակներից սկսած մի անգամ չէ, որ սպառման ծավալները գերազանցել են ՀՆԱ-ն) և ՀՆԱ արագացված աճի՝ ապագայի հաշվին։ Ինչպես արդեն ասել եմ, շուտով կհրապարակեմ գիտական հոդված քոչարյանական երկնիշ աճի վերաբերյալ և բոլորիդ պարզ կդառնա, թե դա ինչ էր։ Իսկ մինչ այդ նշեմ, որ նա ոչ միայն օգտվեց մինչ իր իշխանության գալը նախկինների օրոք իրականացված բարեփոխումներից, այլև արվեցին քայլեր, որոնք կանխարգելեցին ապագա, Քոչարյանից հետո եկած, կառավարության տնտեսական աճի հնարավորությունները։ Հանձինս այն ժամանակվա ԿԲ նախագահ Տ.Սարգսյանի Քոչարյանը լավ գործընկեր էր գտել. տրանսֆերտների հաշվին դրամն արժևորվում էր և մարդկանց կենսամակարդակն արհեստականորեն բարձրանում էր։ Մի անգամ չէ, որ ելույթ ենք ունեցել և նշել, որ տրանսֆերտները պետք է դիտարկել իբրև աշխատանքային ծառայությունների արտահանում, հաշվառել իբրև այդպիսին, իսկ դրամի ազատ փոխարժեքը սահմանել միայն այն բանից հետո, երբ դրանք (կամ դրանց մի մասը) ստերիլիզացվել են։ Բայց ասողին լսող էր պետք։ Տ.Սարգսյանն «իր» տեսությունն ուներ։ Այդ ժամանակ մեր բախտը չբերեց նաև այն առումով, որ ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչները (Մենքյու կամ Մեքյու, Օմես) ցածրորակ, գնվող մասնագետներ էին։ Տեսություն էին մոգոնել, որ իբր թե Հայաստանում դրամը արժևորվում է աշխատանքի արտադրողականության աճի պատճառով։ Սերժ Սարգսյանը, դառնալով նախագահ, ավելի մեծ սխալներ արեց, քան Ռ.Քոչարյանը։ Տ.Սարգսյանին պատժելու փոխարեն նրան վարչապետ կարգեց։ Ս.Սարգսյանին բնորոշ է տնտեսական զարգացման անբավարար մտածելակերպը և այդ իմաստով նա ազդեցության տակ ընկնող մարդ է։ Իսկ Տ.Սարգսյանը, հիմա արդեն չկարողանալով ապահովել տնտեսական աճ, ինքը սկսեց քննադատել քոչարյանական տնտեսական աճը։ Իրականում նա ստիպված էր ինքն իր դեմ ելնել։ Դրամի կտրուկ արժեզրկման երկրորդ գործոնը նավթի գներն են։ Ավելի ճիշտ կլինի ասել .... գլոբալ աշխարհում դրամի մենաշնորհացումը։ Այո, այո, մեծ հաշվով նավթի գնի խնդիր չկա։ Բանն այն է, որ աշխարհի տնտեսություն գլոբալացել է, իսկ վալյուտան՝ ազգայնացել։ Հիմնականում դոլարն ու մի քիչ էլ եվրոն են սպասարկում շուկան։ Այս պայմաններում, ինչպես ես պնդում եմ Մեգաէկոնոմիկայի իմ հեղինակած տեսության մեջ, գին հասկացությունը հարաբերական է։ Որովհետև գնանշում կատարող արժույթի (տվյալ դեպքում դոլարի) էմիսիան անվերահսկելի է։ Այն հանձնված է արժույթի տիրոջ՝ ԱՄՆ ողորմածությանը։ Այս տերն էլ ինչ ուզում անում է. կարող է մեկ օրում արժեզրկել ձեր դոլարային խնայողությունները և հակառակը, կարող է իր երկրում ներքին պարտք ձևակերպել և հետո այն արտահանել մեկ այլ երկիր, կարող է իր երկրում փոքրիկ տնտեսական ցնցում առաջացնել, բայց հիմնովին քանդել ձեր տնտեսությունը։ Սա մեգաէկոնոմիկա է։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում