«Իրավիճակը ցույց տվեց, որ կառավարությունը չունի լավ տնտեսագետներ» (տեսանյութ)
2014 թվականը Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի համար շատ տարատեսակ էր՝ առաջացրեց թե՛ դրական, թե՛ բացասական տրամադրություններ: Բանախոսն այսօր իր ուրախությունը հայտնեց քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվացման կապակցությամբ, որի արդյունքում էլ ըստ պարոն Մակարյանի բավականին փոփոխություններ գրանցվեցին:Սակայն նա շեշտադրեց հատկապես բացասական երևույթները, որոնք տարվա ընթացքում քիչ չէին: «Աղքատությունը մենք, ըստ էության, չկարողացանք կրճատել, գործազրկության մակարդակը ավելի աճեց՝ կապված նաև վերջին դեպքերի հետ, արտահանման ծավալները նվազեցին, Ռուսաստան արտահանումները այս տարի տասը տոկոսով ևս կկրճատվեն: Արտահանողները ևս տուժեցին էականորեն, պահածո արտահանողներից շատերը նույնիսկ դադարեցրին ընդհանրապես արտահանել, կոնյակ արտահանողներն էլ հինգից տասը տոկոս կրճատեցին արտահանումը, տրանսֆերտները կրճատվեցին և բազմաթիվ այլ գործոններ, որոնց նեգատիվ արդյունքները մենք կտեսնենք գալիք տարվա մեջ»,-ասաց նա: Բանախոսի համոզմամբ՝ այս ֆորս մաժորային իրավիճակը ցույց տվեց, որ կառավարությունը չունի լավ տնտեսագետներ: «Կառավարությունում բոլորը լավագույն դեպքում ֆինանսիստ են, բայց ոչ տնտեսագետներ, նրանցից ոչ մեկը չունի տնտեսագիտական, վերլուծական կարողություններ, ԱԺ-ի իշխող խմբակցությունում էլ լավ տնտեսագետներ չկան, իսկ այն տնտեսագետներն էլ ովքեր կարող են իսկապես տնտեսագիտական խորին վերլուծություններ անել, դրանք կրում են ընդդիմություն անունը»: Մակարյանի խոսքերով՝ գալիք տարում ֆորս մաժորային իրավիճակից խուսափելու համար կառավարությունը պետք է հզորացնի իր տնտեսագիտական թիմը, հակառակ պարագայում՝ թույլ տնտեսության պատճառով Հայաստանը կտուժի նաև իր արտաքին քաղաքականությունում: Այս ամենով հանդերձ, սակայն, Գագիկ Մակարյանը վստահեցնում է,որ Հայաստանում աճել են հատկապես օտարերկրյա ներդրումները: «Ֆրանսիացիները շահագրգռված են այստեղ ներդրումներ անել, հատկապես էներգետիկայի ոլորտում»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը չի նվազել, ստվերը չի պակասել, բայց ստեղծվել են նախադրյալներ՝ գալիք տարում երկրի կենսամակարդակը բարելավելու ուղղությամբ: Անդրադառնալով նաև վերջին օրերին արձանագրված դոլար-դրամ կտրուկ տատանումներին՝ Գագիկ Մակարյանը նշեց. «Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի գնահատելու համար արդյո՞ք ԿԲ-ի քայլերը եղել են օբյեկտիվ , պետք է գտնեն հատուցման ուղիներ, քանի որ չի կարող հասարակությունը այսքան կորուստներ կրի ու դրա արդյունքում ոչ ոք չպատժվի: Վարչապետը մտավ խանութներ և փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվում, բայց նրանից բացի, կուզեի այդ իրավիճակում տեսնել նաև ֆինանսների նախարարին, սոցապ նախարարին և ոլորտի պատասխանատու շատ այլ պատասխանատուների, բայց բոլորը ձեռքերը լվացին ու քաշվեցին մի կողմ՝ առանց բացատրություն տալու, թե ինչպես կատարվեց այս ամենը։ Կարծում եմ, որ այս ամենի համար ամենամեծ պատասխանատուն ԿԲ-ն է: Իսկ եթե վերջինս հայտարարում է, թե տիրապետում է իրավիճակին, ապա նրա քայլերը պետք է դա ապացուցեին՝ որոշ ժամանակով զսպել սպեկուլյացիան, դեռևս չի նշանակում իրավիճակը հսկողության տակ պահել»,- շեշտեց Գագիկ Մակարյանը: Վերջինիս կարծիքով՝ առաջիկա վեց ամսվա ընթացքում ռուսական ռուբլին դեռևս կլինի հոգեվարքի մեջ: