Տիգրան Լ. Պետրոսյանը առաջատարից հետ է մեկ միավորով
Ալ Էյն քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներն առայժմ համեստ տեղեր են զբաղեցնում: Արդեն կայացած 6 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է վրացի գրոսմայստեր Գայոզ Նիգալիձեն: Մեր շախմատիստ Տիգրան Լ. Պետրոսյանը նրան արդեն զիջում է մեկ միավորով: Առաջատարից ավելի շատ են հետ մնում Լեւոն Բաբուջյանը, Արման Փաշիկյանը (ունեն 4-ական միավոր), Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը (3,5-ական միավոր), Մարիա Կուրսովան (2,5 միավոր) եւ Լիլիթ Գալոյանը (2 միավոր): Մրցանակային տեղ զբաղեցնելու համար առաջատարին համեմատաբար մոտ գտնվող մեր շախմատիստները պետք է միանշանակ հաղթեն վերջին երեք տուրերում: Այսօր Տիգրան Լ. Պետրոսյանը սեւերով կմրցի ուկրաինացի Ալեքսանդր Կովչանի հետ: Լեւոն Բաբուջյանին մրցակից է բաժին հասել ուկրաինացի Մարտին Կրավցիվը, իսկ Արման Փաշիկյանն ուժերը կչափի հնդիկ վարպետ Իսա Կարավադեի հետ: Մեր մյուս շախմատիստները կարող են ընդամենը պայքարել դրամական պարգեւների համար: