Շախմատի առաջնությունում լարված վերջաբան է սպասվում
Շախմատի Հայաստանի առաջնությունը թեւակոխել է եզրափակիչ փուլ: Այսօր տեղի կունենա նախավերջին` 8-րդ տուրը: Տղամարդկանց մրցաշարում կայանալիք 5 պարտիաներից կարեւոր նշանակություն ունեն չորսը: Առաջնության միանձնյա առաջատար Արման Միքայելյանը, որը 5,5 միավոր ունի, սպիտակներով կմրցի Սամվել Տեր-Սահակյանի հետ: Երկրորդ տեղում ընթացող Կարեն Գրիգորյանը (5 միավոր) նույն խաղաքարերով կհանդիպի իր գլխավոր մրցակիցներից մեկի` Զավեն Անդրիասյանի (4) հետ: Սպիտակներով հանդես կգան նաեւ առաջատարներին հետապնդող Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը, որոնք նույնպես 4-ական միավոր ունեն: Վերջին երեքը պետք է անպայման հաղթանակ տանեն, որպեսզի շարունակեն չեմպիոնի կոչման համար պայքարը, սակայն պայմանով, որ Արման Միքայելյանն այս տուրում պարտություն կկրի: Հակառակ դեպքում մրցաշարի առաջատարի հետ կարող է մրցակցել միայն Կարեն Գրիգորյանը: Կանանց առաջնությունում չեմպիոնի կոչմանը հավակնում է 6 շախմատիստուհի: Առավել շահեկան վիճակում են գտնվում Սուսաննա Գաբոյանն ու Շուշաննա Սարգսյանը, որոնք վաստակել են 5-ական միավոր: Նրանցից կես միավորով ետ են մնում Սիրանուշ Ղուկասյանն ու Մարիա Գեւորգյանը, մեկով` Աննա Հայրապետյանը եւ Արմինե Բաբայանը: Այսօր կայանալիք 8-րդ տուրում միմյանց հետ կհանդիպեն առաջնության երկու առաջատարները` Սուսաննա Գաբոյանը եւ Շուշաննա Սարգսյանը: Սկզբունքային նշանակություն ունի նաեւ Սիրանուշ Ղուկասյան - Մարիա Գեւորգյան պարտիան: