Չի բացառվում, որ նորից երթ կլինի դեպի Արցախ
Հանրապետության հրապարակում բաց ասուլիսի ընթացքում Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ, մամուլի խոսնակ, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյանը կոչ արեց հանրությանը օգնել հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած ավտոերթի ընթացքում ոստիկանների կողմից իրականացված բռնությունների հետեւանքով վնասված մեքենաները, տեսախցիկները վերականգնել։
Այն հարցին, թե նախօրոք տեղյակ լինելով, որ սադրանք կիրականացվի, ինչո՞ւ են երեխաներին եւս իրենց հետ տարել՝ Ավետիսյանը պատասխանեց, որ սպասում էին սադրանքի, բայց ոչ այդ տեսակ արհավիրքի։
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանն ասաց, որ այս ամենի մեջ չպետք է մեղադրել Արցախի իշխանություններին, այլ Հայաստանի ներկայիս ռեժիմին եւ միակ պատասխանատուն տեղի իշխանություններն են։
Մինչ ասուլիսը սկսվելը բերման էին ենթարկել երկու մասնակցի՝ Գեւորգ Սաֆարյանին եւ Հայկ Գրիգորյանին, որոնց 3 ժամ կենտրոնի ոստիկանությունում պահելուց հետո բաց են թողել։ Գեւորգ Սաֆարյանը նշեց նաեւ, որ առանց պատճառի են իրեն տարել եւ որ ոստիկանության գործողությունների մեջ ոչ մի տրամաբանություն չկա։
Ի դեպ, չի բացառվում, որ նորից երթ կլինի դեպի Արցախ։
Այս պահին տարհանված մեքենաները գտնվում են Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի մոտ։ Դրանք թույլ չեն տվել բերել հրապարակ՝ պատճառաբանելով, որ պատվիրակության են սպասում։
