Հ. Բարսեղյանի սպանության մասնակիցները նույն ննջասենյակի ծառայակիցներն են (տեսանյութ)
«Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում. 2014-ի գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ անդրադառնալով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած դաժան սպանությանը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ Հայկազ Բարսեղյանի սպանության հետ կապված պատժի ձևը՝ հեռացնել աշխատանքից Ռազմական ինստիտուտի ղեկավարությանը, ոչ համարժեք է: «Բարսեղյանին սպանել են անկողնում, և նրա հետ նույն սենյակում գտնվող կուրսանտները անգամ ծպտուն չեն հանում: Սա նշանակում է, որ ոչ կանոնադրական հարաբերությունները գերակշռում են այդ կրթական հաստատությունում: Կան համակարգային խնդիրներ: Պետք է ոչ միայն մարդկանց ազատել աշխատանքից, այլև հարուցել քրեական գործ»,- նշում է իրավապաշտպանը: «Եթե որևէ մեկը Ռազմական ինստիտուտից ազատվում է աշխատանքից, դա չի նշանակում, որ նրանք կապ ունեն հանցագործության հետ: Եթե նախաքննության ժամանակ նման կապի առկայությունն ապացուցվի, ապա նրանք կենթարկվեն պատասխանատվության»,- մեկնաբանում է ՀՀ Կենտրոնական զինվորական դատախազության դատախազ Արթուր Անտոնյանը։ Մինչ այժմ ռազմական կառույցներում կատարված հանցագործությունների քննման մեջ որևէ լուրջ առաջընթաց չի գրանցվել: Բանակում այնպիսի բարոյահոգեբանական մթնոլորտ լինի, որ որևէ զինվորականի իրավունք չխախտվի. Այս կարծիքն է հայտնում «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանը։ «Գլոբալ առումով Ռազմական ինստիտուտում սարսափելի դեպքը շատ խորը հետևությունների են հանգեցնում: Կլինեն պաշտոնանկություններ և փոփոխություններ»,- նշում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ հանցագործություն կատարողները այդ ննջարանում քնողներն են։