Քաջարան. զանգվածային վարակ՝ առանց կասկածյալների. Հետք
Կապանցի թոշակառու տիկին Սիլվան դեկտեմբերին Քաջարանի հիվանդանոցում քթի վիրահատության պիտի ենթարկվեր, սակայն գործողությունից առաջ բժշկական կենտրոնից զանգել են նրան եւ ասել, որ վիրահատարանը չի գործում, քանի որ այնտեղ սանմաքրում են անում (առաջ անցնելով նշենք, որ այն մինչ օրս կապարակնքված է): Տիկին Սիլվան հետագայում է իմացել, թե ինչ է եղել իրականում. նա փրկվել է հեպատիտ C-ով վարակվելուց: Մարդիկ, որոնք տուժել են ուրիշների անփութության արդյունքում Անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի հիվանդանոցում տեղի է ունեցել վիրահատված անձանց՝ հեպատիտ C-ով վարակվելու մասսայական դեպք, ինչը խուճապ առաջացրեց քաղաքում եւ ընդհանրապես Կապանի տարածաշրջանում: 26-ամյա Մերին Քաջարանից է: Մեկ երեխա ունի՝ 4-ամյա Մարիամը: Ամուսինն աշխատում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ): Նախորդ տարվա հոկտեմբերի 26-ին Քաջարանի հիվանդանոցում Մերին ենթարկվել է կույր աղիքի վիրահատության, որից 1 շաբաթ անց դուրս է գրվել հիվանդանոցից: Պատմում է, որ վիրահատությունից հետո 40 օր իրեն վատ էր զգում՝ անընդհատ սրտխառնոց էր ունենում, գլխապտույտ: Կապանի բժշական կենտրոնում արյան անալիզ է հանձնել, եւ պարզվել է, որ առկա է հեպատիտ C-ի պատկեր: Այնուհետեւ Երեւանում՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում, դա հաստատվել է: «Լյարդիս պրոբաները նորմայից շատ բարձր էին: Նորքի ինֆեկցիոնում պառկեցի, մի որոշ ժամանակ հետո դուրս գրեցին, դեղորայք նշանակեցին: Հիմա Քաջարանում եմ, տանն եմ»,- նշում է Մերին ու հավելում, որ Նորքից հետո որոշ ժամանակ պառկել է նաեւ Կապանի հիվանդանոցում: Նրա խոսքով՝ միայն հիվանդանոցում գտնվելու ժամանակ էին բուժօգնությունն ու դեղերն անվճար: «Դուրս գրվելուց հետո ինչ դեղորայք գրում են, մենք ենք առնում: Ես էլի հսկողության տակ եմ, անընդհատ պետք է անալիզներ հանձնեմ: Մանրամասներն՝ այստեղ