Ատամնաբուժական կլինիկաները փակվում են (տեսանյութ)
35 ստոմատոլոգիական կլինիկա վերադարձրել է իրենց արտոնագրերը։ 16 կլինիկա առհասարակ դադարեցրել է աշխատանքը, իսկ շատերն էլ դիմել են հարկային մարմիններին ՝ իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու խնդրանքով։ Սրանք դեռևս 2013 թվականի տվյալներն են և սա համարվում է այդ տարում կիրառության մեջ մտած «Արտոնագրային վճարների մասին»օրենքի հետևանք։ «11 համասարքից 6-ը փակվեցին, մենք այսօր աշխատում ենք 5 համասարքով, որովհետև ամեն բազկաթոռ չի, որ եկամտաբեր է»,- մեզ հետ զրույցում շեշտում է Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը։ ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում կրկին կթանկանան ստոմատոլոգիական ծառայությունները։ Չնայած արդեն իսկ դրանք թանկացել են՝ պայամանվորված սարքավորումների և դեղորայքի 40% աճով։ «Հայաստանում ոչ մի նյութ չի արտադրվում , բոլորը բերվում է դրսից»,-ասում է պարոն Գևորգյանը։ Իսկ ատամնաբուժական կլինիկաներից մեկի տնօրեն՝ Մարո Մելիքյանի խոսքերով՝ փոխարժեքի տատանման հետ կապված՝ անընդհատ ստիպված են լինում գնային փոփոխություններ կատարել։ Ոլորտի մասնագետները փաստում են՝ գների փոփոխությունը որակական դրական փոփոխության չի բերել։ Ըստ տիկին Մելիքյանի՝ կլինիկաները չեն կարողանում նոր սարքավորումներ ձեռք բերել, տեխնոլոգիաները զարգացնել, չեն կարողանում նաև վերապատրաստումների մասնակցել, ինչպես նաև թանկ նյութերով աշխատել։ Իսկ Աշոտ Գևորգյանի համոզմամբ՝ հսկողությունը պետք է ուժեղացվի, որպեսզի ստոմատոլոգները և՛ Երևանում՝ մեծ ու փոքր կլինիկաներում, և՛ շրջաններում, և՛ գյուղերում, բոլորը լինեն հավասար հարկային դաշտում։ Համաձայն օրենքի՝ ստոմատոլոգիական յուրաքանչյուր բազկաթոռի համար ամսական գնաձվում է մինչև 80.000 դրամ հարկ՝ կախված կլինիկայի մեծությունից և գտնվելու վայրից։ «Տարածքների բաժանելը, այսինքն կադաստրային գոտիների բաժանելը ՝ սխալ էր, որովհետև այսօր պացիենտը չի ընտրում կոնկրետ որ կլինիկա գնա, այլ պացիենտը ընտրում է կոնկրետ բժիշկի»,-նշում է Մարո Մելիքյանը։ Մանրամասները դիտեք տեսանյութում։