Երեւանում տատից սովորածը պետք եկավ (տեսանյութ)
Տատից սովորած հմտությունները Սիլվա Գազեզյանին պետք եկան, երբ հաստատվեց Հայաստանում։ Սիրիահայ ընտանիքը երեք տարի առաջ է եկել Երեւան՝ այնտեղ թողնելով թալանված ու ավերակ դարձած տունը. «Սիրիայում կարիք չունեինք աշխատելու, իսկ այստեղ արդեն զգում ենք դրա կարիքը։ Աշխատանք չկա, նյութական կարիք կա»,-ասում է Սիլվա Գազեզյանը։ Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի գետնանցումում ամուսնու հետ մի քանի օր առաջ բացել են փոքր տաղավար, որտեղ էլ վաճառում են ձեռագործ աշխատանքները։ Արդյոք բիզնեսը հաջողություն կունենա, թե ոչ՝սիրիահայը դժվարանում է ասել. «Սա փորձ է, եթե չհաջողվի, ապա վնասի վարժվել ենք արդեն։ Ձիրքեր շատ ունենք. սա չլինի, ուրիշ բան կանենք»։ Հարեւանությամբ բացված տաղավարում եւս սիրիահայի աշխատանքն է ներկայացվում։ Սեւան Մելքոնյանն էլ վաճառում է ձեռագործ զարդեր։ Բնական քարերից պատրաստված զարդերը թանկ չեն։ Ինչպես Հայաստանում գործ սկսած սիրիահայերը, նա էլ ցանկանում է, որ աշխատանքները գրավեն նաեւ հայաստանցիների ուշադրությունը։ Նրա համերկրացիները գիտեն այդ զարդերի արժեքը։