Չվախենաք ոչնչից, չքաշուէք ոչնչից. Սրբազանը՝ ձեռնադրված քահանաներին
Փետրուարի 10-ին` Սրբոց Ղեւոնդեանց քահանաների տօնին, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Մայր Տաճարում մատուցուեց սրբազան Պատարագ, որի ընթացքում կատարուեց նաեւ քահանայական ձեռնադրութիւն: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենեակի տնօրէն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրութիւն եւ օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ութ միաբան սարկաւագներ: Ս. Պատարագի ընթացքում Բագրատ Սրբազանը քահանայութեան կոչեց նորընծաներին` Սրբալոյս Միւռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը եւ շնորհելով նոր հոգեւոր անուններ: Թորգոմ սրկ. Սաղաթելեանը վերակոչուեց Տ. Ղեւոնդ քահանայ, Յովհաննէս սրկ. Կարապետեանը` Տ. Մկրտիչ քահանայ, Դաւիթ սրկ. Չեթինգայեան` Տ. Թէոդիկ քահանայ, Վահէ սրկ. Ենգիբարեանը` Տ. Մուշէ քահանայ, Գարիկ սրկ. Նադանեանը` Տ. Մանասէ քահանայ, Արամայիս սրկ. Թախմազեանը` Տ. Թադէ քահանայ, Ֆրունզէ սրկ. Յովհաննիսեանը` Տ. Օւսէ քահանայ, Արամ սրկ. Գասպարեանը` Տ. Մատաթիա քահանայ: Հաւարտ ձեռնադրութեան արարողութեան, նորընծայ քահանաներն իրենց անդրանիկ օրհնութիւնը փոխանցեցին ներկաներին: Այնուհետեւ ձեռնադրող Բագրատ Սրբազանը քարոզեց տօնի եւ ձեռնադրութեան խորհրդի մասին` ասելով. «Նշում ենք եւ խնդրում ենք բարեխօսութիւնը Ղեւոնդեանց մեր նահատակ հայրերի, միեւնոյն ժամանակ հայցում ենք նրանց առաջնորդող ներկայութիւնը մեր կայնքում: Այսօր մեր Սուրբ Եկեղեցու մեծագոյն տօներից է, նահատակութեան եւ յաղթանակի վկայութեան տօներից մէկը: Այսօր պատմութեան մէջ ամփոփուած եւ վերջացած իրադարձութիւն չէ, այն շարունակւում է եւ շարունակուելու է այնքան ժամանակ, որքան այս երկրի վրայ գոյութիւն է ունենալու Տիրոջ Սուրբ Եկեղեցին: Այն լցուելու եւ առատանալու է աստուածային շնորհներով, բաշխուելու է այդ սուրբ Եկեղեցուց Տիրոջ ամէն անգամուայ զոհաբերուող եւ յաղթանակ պարգեւող մարմինն ու արիւնը, առատանալու է իր կեանքը նորադարձ քրիստոնեաներով, վկայելու է իր խորաններից մարգարէական ու աստուածային ճշմարտութեան մասին, մեկնելու է հեռաւոր վայրեր՝ դաշտեր ու երկրներ առաքելական անհոգնութեամբ տարածելու Տիրոջ կենսատու խօսքը»: Պատարագիչ Սրբազանը մասնաւորապէս անդրադարձաւ կատարուած ձեռնադրութեանը` նշելով. «Այսօր մեր Եկեղեցու կեանքում ութ նոր քահանայ հայրեր մարգարէութեամբ, առաքելական ուսուցմամբ, արքայական պատուով եւ Ղեւոնդեանց նահատակութեան բարձրագոյն գիտակցումով այս Սուրբ Խորանի վրայ ուխտեցին առնել եւ ուսուցանել, ուխտեցին կոչուել այնտեղ, որտեղ Սուրբ Հոգին կը կանչի, ուխտեցին բժշկութիւն կատարել մեր ժողովրդի կեանքում, բանալ աչքերը, բացել ականջները եւ առաջնորդներ լինել իրենց վստահուած բանաւոր հոտի կեանքում: Այսօր վստահ եմ, որ ցնծում է ոչ միայն երկրում ապրող զինուորեալ Եկեղեցին, այլեւ երկնքում բոյլ կազմած, շուրջպար բռնած յաղթանակած Եկեղեցին: Եւ այս զգացումներն են իմ մտքի մէջ այս քանի օրերին՝ հոգեւոր պատրաստութիւնը խնդրելով Տիրոջից, որին անարժան ձեռքով կատարուած այս ձեռնադրութիւնը եւ օծումը՝ արժանաւոր դարձնի մեր շատ սիրելի քահանայ հայրերին»: Խօսքն ուղղելով նորաձեռնադրեալ իր հոգեւոր զաւակներին` Բագրատ Սրբազանը պատգամեց. «Սիրելի քահանայ հայրեր, մենք ձեզ այսօր կոչեցինք՝ ձեռնադրելով եւ օծելով Տիրոջ այգու եւ անդաստանի մէջ լինելու կոյրերին լոյս պարգեւող, խաւարի մէջ մնացողին դուրս բերող այդ բանտից, յատկապէս կամաւորապէս կուրացածներին առաջնորդող դէպի ճշմարտութիւն: Լինելու եւ մնալու հաւատարիմ զաւակներ Ամենայն Հայոց Հայրապետի, լինելու եւ մնալու հաւատարիմ ծառաներ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ Եկեղեցու, լինելու եւ հաւատարմութեամբ ծառայելու մեր եղբայրութեանը, եւ լինելու ամենխոնարհ, ամենացածր, ամենահամբերող, ամենասիրող աստիճանի վրայ, երբ ձեռք կը մեկնէք մեր ժողովրդի կեանքում Աստծոյ ներկայութիւնը վկայելու համար: Չվախենաք ոչնչից, չքաշուէք ոչնչից, չամաչէք այն լծից, որ առել էք ձեր ուսերին, քարոզեցէ՛ք Նրա մասին ամէն օր, ամէն ժամ. դա կը լինի փողոցում, կը լինի եկեղեցում, կը լինի որեւէ այլ վայրում, չմոռանաք այդ մասին: Չմիախառնուէք աշխարհի հետ, չդառնաք նոյնը աշխարհի հետ, այլ մշտապէս այսօրուայ խորհուրդը ձեր մտքի մէջ ունենալով՝ ապրեցէք Ղեւոնդեանց նահատակների առաջնորդութեամբ եւ Սուրբ Հոգու վառող կրակով, լինելու իրապէս քահանաներ, ինչպէս մեր հայրերից Խոսրով Անձեւացին է ասում՝ «լինելու Աստծու բերանը ժողովրդի համար եւ ժողովրդի բերանը Աստծոյ համար»: Սրբազանը նաեւ տօնի առիթով շնորհաւորեց Ամենայն Հայոց Հայրապետին եւ հոգեւորականաց ողջ դասին` մաղթելով շարունակել ապրել Ղեւոնդեանց նահատակութեան գիտակցութեամբ եւ էլ աւելի զօրանալ Աստծոյ անդաստանի մէջ: Ապա «Ողջոյնի» ժամանակ Մայր Աթոռի միաբաններն առաջնորդութեամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձրացան Ս. Խորան` շնորհաւորելու քահանաներին եւ համբուրելու նրանց միւռոնաբոյր ճակատներն ու ձեռքերը: Երեկոյեան կատարուելու է նաեւ վեղարի տվչութեան արարողութիւն: Տ. Ղեւոնդ եւ Տ. Մկրտիչ քահանաները ստանալու են վեղար եւ համալրելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութեան շարքերը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրեայ պահեցողութիւնից եւ պատրաստութեան շրջանից յետոյ նորընծաներն Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնութեամբ ծառայութեան կը կոչուեն Հայ Եկեղեցու տարբեր թեմերում եւ կառոյցներում: ###