«Ռոսգոսստրախ»-ը խաբե՞լ է Դավիթ Սանասարյանին (տեսանյութ)
Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը այլեւս չի օգտվելու «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության ծառայություններից։ «Ապահովագրական ընկերությունը գումարներ է կուտակում մեր հաշվին եւ որեւէ աջակցություն չի ցուցաբերում»,- «Ա1+»-ին ասաց Դավիթ Սանասարյանը։ Նա Բելգիայում աննախադեպ ցավ է զգացել գոտկատեղի հատվածում, կապվել է Ռոսգոսստրախի կենտրոնական գրասենյակի հետ։ «Էլեկտրոնային հասցեով գրեց, որ այս ինչ մարդն եմ, բժիշկ, կազմակերպության պատասխանատուն եւ հիվանդանոցում ամսի մեկին ժամը 1-ին սպասում եմ»։ Հիվանդանոցում զարմացրել են նրան՝ տեղեկացնելով, թե առաջին անգամ են լսում նման կազմակերպության մասին։ «Այդ կազմակերպությունը պետք է իմանար, որ կիրակի օրերին ապահովագրական որեւէ միջամտություն ցույց չեն տալիս»։ Ավագանու անդամն ընդգծում է՝ չի սիրում իր առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն հրապարակել, սակայն որոշել է այս մասին հայտարարել, որ մյուսները հանկարծ կրիտիկական վիճակում նույն պատմության մեջ չընկնեն։ Ռոսգոսստախ ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից փոխանցեցին, որ դեպքի հետ կապված հարցումն ուղարկվել է եւ երբ բոլոր տվյալները հայտնի լինեն, փոխադարձ համաձայնության դեպքում կհրապարակվեն։