Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՆՈՐԻՑ ԴԻՄԱԴՐՈՒՄ Է «ԱՐՄԵՆՏԵԼԻՆ»

Տնտեսություն

«ԱրմենՏելը» դիմել է տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին եւ առաջարկել անվճար խոսելաժամանակը 360 րոպեից նվազեցնել մինչեւ 120 րոպե, 2006 թվականի հունվարի 1-ից սկսած` բաժանորդավճարը 750 դրամից բարձրացնել մինչեւ 1400 դրամ, իսկ 2250 4 դրամանոց րոպեն նվազեցնել մինչեւ 1700 րոպեի։

Վերջին այս առաջարկը «ԱրմենՏելը» հիմնավորել է նրանով, որ բաժանորդների 87 տոկոսի խոսելաժամանակը չի գերազանցում անգամ 1000 րոպեն։ Ընդհանուր առմամբ, առաջարկվող փոփոխություններով «ԱրմենՏելը» նախատեսում է մինչեւ 2009 թվականը րոպեավարձը հասցնել 12 դրամի։

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը մերժել է լարային հեռախոսացանցի նոր սակագների վերաբերյալ «ԱրմենՏելի» ներկայացրած փաթեթն ամբողջությամբ։

«Ներկայացված սակագների տնտեսագիտական հիմնավորումները թերի են եւ ոչ փաստարկված»,- այսօր հայտարարել է նախարարը: Նա տեղեկացրել է, որ «ԱրմենՏելի» սեպտեմբերի 3-ին ներկայացրած փաթեթն ուսումնասիրելու համար ստեղծվել էր հանձնաժողով, որն ուսումնասիրությունները կատարել է «ԱրմենՏելի» մասնագետների հետ համագործակցված եւ այդ հանձնաժողովի եզրակացությունն էլ հիմք է հանդիսացել փաթեթը մերժելու համար։

«Բայց բանակցությունները կշարունակվեն. կառաջարկվեն տնտեսագիտորեն հիմնավորված սակագներ»,- ասաց Անդրանիկ Մանուկյանը:

Ըստ նրա, բացառված չէ, որ բանակցությունների արդյունքում նախարարությունը համաձայնի 2250 րոպեի նվազեցմանը` փոխարենը փորձելով նվազեցնել նաեւ «ԱրմենՏելի» առաջարկած բաժանորդավճարի չափը։

Ի դեպ, նախարարությունը փորձում է «ԱրմենՏելին» համոզել 2006 թվականի հունվարի 1-ի դրությամբ վարձը բարձրացնել ընդամենը 250 դրամով՝ սահմանելով 1000 դրամ, «Արմենտելի» առաջարկած 1400-ի փոխարեն։

Նկատենք, որ այս ողջ պատմության մեջ կա նաեւ սպառնալիք. եթե բանակցությունների արդյունքում կողմերը չգան համաձայնության, ապա «ԱրմենՏելի» մենաշնորհի ժամկետը չի կրճատվի 3 տարով եւ կգործի մինչեւ 2012 թվականը։

Ի դեպ, այսօր բջջային կապի բաժանորդները նորից սկսել են դժգոհել կապից, եւ հասկացել են. «Արմենտելը բաժանորդների նկատմամբ է վրեժ լուծում»: