Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՌՉԱԿԻ՞

Տնտեսություն

Պարզվում է, որ Հայաստանից արտագաղթած համակարգչային ինժեներները ցանկություն են հայտնել վերադառնալ հայրենիք, երբ իմացել են, որ «Սինոփսիս» ընկերությունը մեզ մոտ բացել է իր մասնաճյուղը: Այս մասին այսօր հայտարարեց «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովհաննես Մուսայելյանը՝ շեշտելով. «Հայաստանի ապագան տեղեկատվական տեխնոլոգիաներն են»:

Այս տրամաբանությամբ առաջիկայում ներգաղթողների թիվը կավելանա, քանի որ մեկ տարի Հայաստանում գործելուց հետո «Սինոփսիսը» որոշել է ձեռք բերել «HPL -Արմենիա»-ի բաժնետոմսերը: Բանակցություններն արդեն սկսվել են, վերջնական գործարքը կկայանա 2006թ առաջին ամիսներին: «Սինոփսիսը» HPL-ի բաժնետոմսերը կգնի 13 մլն ԱՄՆ դոլարով՝ յուրաքաչյուրի դիմաց վճարելով 0,30 դոլար:

«Սինոփսիս»-ը համաշխարհային առաջատար է կիսահաղորդիչների նախագծման համար EDA համակարգչային ծրագրերի մշակման ասպարեզում: Իսկ միանալով HPL-ին՝ «Սինոփսիսը», ըստ վերջինիս ներկայացուցիչների, «կընդլայնի նաեւ DFM հետազոտման եւ մշակման իր մասնագիտական գիտելիքների պաշարը»:

1995թ-ից Հայաստանում գործող HPL-ը այս ոլորտում առաջին ամերիկյան ընկերությունն էր: Այն գնել պատրաստվող «Սնոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռիչ Գոլդմանն այսօր հայտարարեց, որ «HPL-ը Հայաստանում այնպիսի միջավայր է ստեղծել, որ իրենք հանգիստ արդեն կարող են աշխատել»:

Պարոն Գոլդմանը վստահեցնում է, որ երկու խոշորագույն ընկերությունների հայկական մասնաճյուղերի միավորման արդյունքները կերեւան միանգամից, քանի որ կնվազի նախագծումից-արտադրություն ցիկլի տեւողությունը: Այն ներկայումս տեւում է 18-20 ամիս: Ի դեպ, պարոն Գոլդմանը հայտարարեց, որ իրենց գլխավոր նպատակը «Հայաստանն աշխարհում ճարտարագիտական մտքի հեղինակություն դարձնելն է»: