«Բանանցը» վստահ հաղթեց «Արարատին»
Մարտի 8-ին կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի երկու հանդիպումներ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Գյումրիի «Շիրակը» տեղի ֆուտբոլի ակադեմիայի արհեստական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթել է Երեւանի «Միկային»: Հանրապետության չեմպիոն Երեւանի «Բանանցը» սեփական մարզադաշտում 3:1 հաշվով առավելության է հասել «Արարատի» նկատմամբ: Իսկ ահա նախօրերին Երեւանի «Փյունիկը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել էր «Ալաշկերտին»: «Գանձասար» - «Ուլիս» հանդիպումը հետաձգվել է, քանի որ կապանյան թիմը նոր է սկսել մարզումները եւ դեռ պատրաստ չէ խաղերին: Հայաստանի բարձրագույն խմբի աղյուսակը շարունակում է գլխավորել Երեւանի «Ուլիսը», որը 16 խաղում վաստակել է 37 միավոր: Նույնքան հանդիպումներում 36 միավոր ունի «Փյունիկը»: Ապա հաջորդում է «Շիրակը», որը առաջատարից ետ է մնում 6 միավորով, ընդ որում շիրակցիները մեկ խաղ ավելի են անցկացրել: Առաջնության 18-րդ տուրը տեղի կունենա մարտի 14-15-ին: Այդ օրերին տեղի կունենան հետեւյալ հանդիպումները. «Ուլիս» - «Արարատ», «Միկա» - «Բանանց», «Փյունիկ» - «Շիրակ», «Գանձասար» - «Ալաշկերտ»: