Սերգեյ Մովսիսյանը պարտվել է ՖԻԴԵ-ի վարպետին
Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի անդամներ Հրանտ Մելքումյանը եւ Սերգեյ Մովսիսյանը ներկայումս մասնակցում են Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի բաց առաջնությանը: Կայացած առաջին երեք տուրերից հետո աղյուսակը գլխավորում են 12 շախմատիստ, որոնք վաստակել են 3-ական միավոր: Ավաղ, մերոնք առայժմ նրանց շարքերում չեն: Հրանտ Մելքումյանը երկրորդ տուրում կես միավոր է կորցրել ՖԻԴԵ-ի վարպետ, գերմանացի Յոնաս Ռոսների հետ խաղում, իսկ Սերգեյ Մովսիսյանը պարտվել է անգլիացի ՖԻԴԵ-ի վարպետ Դանիել Բասբիին: Այսօր կայանալիք 4-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով կմրցի շվեդ գրոսմայստեր Ռալֆ Ակեսոնի հետ, իսկ Սերգեյ Մովսիսյանը սեւերով ուժերը կչափի իսլանդացի առաջին կարգային Յոն Կրիստինսոնի հետ: Հայաստանի 2013 թվականի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը հաղթանակով սկսեց իր ելույթները Տաշկենտում մեկնարկած Գեորգի Աղզամովի հուշամրցաշարում: Առաջին տուրում մեր գրոսմայստերը սպիտակներով վստահ հաղթեց առաջին կարգային Ալիշեր Քարիմովին: Երկրորդ տուրում նա սեւ խաղաքարերով կհանդիպի ՖԻԴԵ-ի վարպետ Նոդիրբեկ Աբդուսատարովի հետ: