Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆ ԿԱՆԽՈՒՄ Է ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Տնտեսություն

Երեք օր առաջ ձերբակալված «Ռոյալ-Արմենիա» Հ/Ձ ՍՊԸ նախագահ եւ համասեփականատեր Գագիկ Հակոբյանը «իզգոյ» է, որին ձերբակալել են Մաքսային պետական կոմիտեի հետ «ստվերային համագործակցության մեջ» չմտնելու, դեռ ավելին` այդ մասին հայտարարելու համար:

Իսկ նրան համագործակցության առաջարկ արել են ՄՊԿ-ի փոխնախագահ Գագիկ Խաչատրյանը եւ Մաքսասակագնային վարչության պետ Սուրիկ Ֆահրադյանը: Այս մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարեց «Ռոյալ-Արմենիա» Հ/Ձ ՍՊԸ իրավաբան Գեւորգ Մինասյանը: «Մաքսային կանոնների խախտման» համար հոկտեմբերի 11-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Գագիկ Հակոբյանին եւ փոխտնօրեն Արամ Ղազարյանին:

Ըստ իրավաբանի` ձերբակալության հիմքում ընկերության նախկին մատակարար, «Ֆեդերալ ինվեստմընտ գրուպ» ամերիկյան ընկերության «իբր թե ինվոյսի կեղծման վերաբերյալ» ցուցմունքներն են: Գեւորգ Մինասյանը համարում է, որ այդ ցուցմունքները կեղծ են, պարզապես նախկին մատակարարը նեղացած է, որ կորցրել է 1000 տոննա սուրճի շուկա:

Իսկ իրենք «ինչու՞ պիտի կեղծեին, եթե դրանից հետո էլ շարունակելու էին մաքսատուրք վճարել նախկին ֆիքսված գներով»: Վաչե Պետրոսյանը համագործակցում է ՄՊԿ-ի հետ,- ասում է «Ռոյալ-Արմենիա» ՀՁ ՍՊԸ ներկայացուցիչը՝ նկատելով, որ վերջինիս իրենց մատակարված սուրճի դիմաց գանձվում էր 1 դոլար 80 ցենտ, իսկ հիմա` 1դոլար 10 ցենտ:

Սակայն ձերբակալության իրական հիմքը, ըստ իրավաբանի, հոկտեմբերի 17-ին կայանալիք դատական նիստն է: Տնտեսական դատարանը շարունակելու էր «Ռոյալ-Արմենիա» Հ/Ձ ՍՊԸ ներկայացրած հայցի լսումը, որով պահանջվում էր «իր ներմուծած թվով 14 խմբաքանակ ապրանքների համար ՄՊԿ-ի սահմանած մաքսային արժեքները սահմանել անվավեր»: Այդ գումարը կազմում է 1 միլիարդ 500 միլիոն դրամ:

Եվ եթե դատարանը բավարարեր հայցը, ապա, իրավաբանի կարծիքով, Մաքսային պետական կոմիտեն խայտառակ կլիներ: Իսկ ձերբակալությունը, պարոն Մինասյանի կանխատեսմամբ, լավ առիթ է, որ պատասխանող կողմը առաջարկի քաղաքացիական այս գործի լսումը կասեցնել եւ միացնել ընկերության դեմ հարուցված քրեական գործին՝ «սրանով փրկվելով խայտառակությունից»: